կարևոր
1333 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-22 15:03
Աշխարհ

Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման

Արաղչին մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

«Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր էջում գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն «իշխանության էր եկել որպես խաղաղություն բերող նախագահ, ԱՄՆ-ի համար նոր պատերազմ է սկսել»։

ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփը հայտարարել է, որ հարվածները «լիովին ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման օբյեկտները։ Նա Թեհրանին ասել է «խաղաղություն հաստատել», այլապես ապագայում «շատ ավելի մեծ» հարվածներ կլինեն։