կարևոր
754 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-19 12:05
Հասարակություն

Փաշինյան, հոգիդ փառավորվե՞ց, որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին. Ալիևինը փառավորվել է. Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի՝ ներառյալ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը, պետական պարտքը, Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, եկեղեցու դերը, ինչպես նաև իրավապահ համակարգի և իշխանությունների վարքագիծը։

Պատգամավորը քննադատեց բյուջեի կատարողականի շրջանակներում քննարկումների ընթացքը և ընդգծեց պետական պարտքի աճը՝ նշելով․

«Պետական պարտքը 13 միլիարդ է, իսկ 7 միլիարդը ավելացել է։ Բայց մեր կյանքում ի՞նչն է ավելացել»։

Նա հավելեց, որ պարտքի սպասարկման տոկոսադրույքը նույնպես բարձրացել է՝

«Մինչև 2018 թվականը պետական պարտքի միջին տոկոսադրույքը 4.6% էր, իսկ այժմ՝ 7.2%, ինչի հետևանքով միայն 2024-ին վճարվել է ավելի քան 113 միլիարդ դրամ»։

Անդրադառնալով Արցախին՝ Գրիգորյանը նշեց, որ վերջին գործընթացները իր խոսքերով «էթնիկ զտման» հանգեցրին։ Նա մասնավորապես ասաց․

«Սրբապղծություն էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որի հետևանքով Արցախի ամբողջ հայությունը դուրս եկավ իր բնակավայրերից»։

Նա անդրադարձավ նաև Սեպտեմբերի 19-ի իրադարձություններին՝ նշելով, որ իշխանությունների կողմից հնչեցվող հայտարարությունները չէին համապատասխանում իրադրության լրջությանը։

Գրիգորյանը բարձրացրեց նաև եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների հարցը, նշելով, որ նման քննարկումները տեղի են ունենում մի ժամանակ, երբ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական վտանգներ կան։

«Երբ ամբողջ աշխարհում լուրջ վերադասավորումներ են ընթանում, իսկ դուք զբաղված եք եկեղեցուն հարվածի տակ դնելով, դա հարց է առաջացնում՝ ի՞նչ նպատակով»։

Նա ավելացրեց, որ ֆեյսբուքյան գրառումների փոխարեն պետք է կոնկրետ քայլեր արվեն՝

«Փոխանակ ամեն օր ֆեյսբուքում ստատուս գրելու՝ հասկացեք՝ այդ վտանգներին մենք ինչպես ենք պատրաստվում դիմագրավել»։

Աննա Գրիգորյանը խոսեց նաև իրավապահ մարմինների դերի մասին՝ նշելով, որ Հայաստանում վախի մթնոլորտ է ձևավորվել։

«Բոլորին թիրախավորում են՝ ոչ թշնամուն, ոչ իրական հակառակորդին, այլ սեփական ժողովրդին։ Սա վախի մթնոլորտ ստեղծելու փորձ է՝ աթոռը հնարավորինս երկար պահելու համար»։

Եզրափակելով՝ նա դիմեց քաղաքացիներին՝

«Սիրելի ժողովուրդ, մի վախեցեք։ Վախենալու բան չունեք։ 100 հազարավոր մարդիկ իրենց ինքնությունն են պահելու, լինելու են եկեղեցու և արժեք ստեղծողների կողքին»։

Մանրամասն՝ տեսանյութում։