կարևոր
3043 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-19 00:19
Քաղաքական

Փաշինյանը և Գռզոն ՀԷՑ-ը պատրաստվում են վաճառել թուրքական Aksa Energy-ի սեփականատեր Ջեմալ Ղազանչիին. ահա, թե ինչու են ձերբակալել Սամվել Կարապետյանին. Անդրեյ Արեշև

Փաշինյանը և Գռզոն ՀԷՑ-ը պատրաստվում են վաճառել թուրքական Aksa Energy-ի սեփականատեր Ջեմալ Ղազանչիին. ահա, թե ինչու են ձերբակալել Սամվել Կարապետյանին. Անդրեյ Արեշև

Նիկոլ Փաշինյանը մեկնում է խոնարհվելու Էրդողանի առջև

Հունիսի 20-ին Հայաստանի վարչապետը նախապես հայտարարված այցով մեկնում է Անկարա: Էրդողանի հետ բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը՝ կապված Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ:

Ակնհայտ է՝ ուժի դիրքերից գործող Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանների պահանջները կարող են շատ լայն ու հեռու տարածվել՝ ենթադրելով տնտեսական առանձնաշնորհումներ հայկական տնտեսության առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգետիկան և այլ ոլորտներ, որտեղ բավական ուժեղ են ռուսական բիզնեսի դիրքերը:

Եվ այս կապակցությամբ նախօրեին Երևանում հայտնի ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի աղմկահարույց ձերբակալությունը պատահական չէ:

Տարիներ առաջ Սամվել Կարապետյանը գնեց անհույս թվացող վնասաբեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության և նրա «նոր» (իրականում՝ բավականին ստուգված) գործընկերների սևեռուն ուշադրության կիզակետում:

Վարչապետի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերն» «ազգայնացնելու» հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանությունների կողմից ընկերությունը զավթելու, այնուհետև թուրքերին փոխանցելու նպատակով սկսված ռեյդերական արշավի քողարկում։

Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը Kazanci Holding-ի կազմի մեջ մտնող Aksa Energy ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում: Հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սերտորեն կապված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է (Գռզո), ով աշխատում է նաև նույն թուրքերին Քաջարանի մոլիբդենային կոմբինատի («Գեոպրոմայնինգ» ընկերության ակտիվ) վերավաճառքի ուղղությամբ:

Կարելի է ենթադրել՝ հաջորդ քայլը կլինի հայկական ատոմակայանի փակումը, ինչին ակտիվորեն ձգտում են Բաքվում և Անկարայում, որին կհաջորդի Հայաստանի առավել խիտ ընդգրկումը թուրք-ադրբեջանական էներգետիկ նախագծերում: Իհարկե, այս բոլոր կոմբինացիաների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն էլ ակնհայտորեն անմասն չեն մնա:

Սամվել Կարապետյանի դեմ տեղեկատվական-քարոզչական արշավը նախապես է գործարկվել, ինչը վկայում է ավելի լայն և համակարգված ջանքերի մասին, որոնք, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների տրամաբանական շարունակությունն են: Հաշվի առնելով հասարակության մեջ նրա բարձր հեղինակությունը, հատկապես նրա հայրենասիրական թևի շրջանում՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կոմպանիան որոշել են արհեստական առիթ ստեղծել հենց ավանդական քրիստոնեական արժեքների և Ռուսաստանի հետ Հայաստանի փոխշահավետ հարաբերություններ զարգացնելու կողմնակիցների շրջանում քաղաքական ընդդիմախոսներին մաքրելու համար:

Ուշադրության է արժանի նաև ԱԱԾ տնօրեն Աբազյանի հրաժարականը, ով, եթե հավատանք որոշ աղբյուրների, երեկ երեկոյան հրաժարվել է անհիմն կասկածներով կալանավորել Կարապետյանին, ինչի արդյունքում ստիպված է եղել դիմել Երևանի ոստիկանության տեղի բաժանմունքի ծառայություններին, և իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար, Քննչական կոմիտեն Կարապետյանին կալանավորելու հայց է ներկայացրել դատարան:

Հաշվի առնելով գործարարի Ռուսաստանի քաղաքացիությունը՝ այս ամենը նշանակում է հիստերիայի հերթական ալիք հայաստանյան իշխանամետ լրատվամիջոցների և «պալատական» փորձագիտական միջավայրում: Գործարարի փաստաբանը հայտնեց՝ իր պաշտպանյալն իր գործողություններում հանցակազմ չի տեսնում:

Մոսկվայում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ի պաշտպանություն Կարապետյանի` անմիջապես հանդես եկան և Սուրբ Էջմիածինը, և Հայ Առաքելական Եկեղեցու Մոսկվայի թեմը, և Ռուսաստանի հայերի միությունը։ Միևնույն ժամանակ ակնհայտ է՝ հենց այնպես Փաշինյանը և նրա կոմպանիան չեն նահանջելու՝ վճռական լինելով Հայաստանի «աշխարհաքաղաքական վերադաստիարակման» գործը հասցնել ավարտին:

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը` – Арест Самвела Карапетяна: правительство Пашиняна передаёт «Электрические сети Армении» Турции –