կարևոր
1870 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 11:21
Հասարակություն

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղ

«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ ստեղծելու մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանն արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը»,- նշվում է որոշման նախագծի մեջ։

Վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում չի լինելու: Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։

«Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան-մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրությանը մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը համալրել նոր ներուժով»,- նշվում է նախագծում: 

Հիշեցնենք՝ հունիսի 5-ին կառավարության նիստում որոշման նախագիծ ընդունվեց, ըստ որի՝ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը միացվում է Հայաստանի պատմության թանգարանին և վերակազմակերպվում որպես մասնաճյուղ։