կարևոր
1420 դիտում, 10 ժամ առաջ - 2025-06-07 10:05
Հասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանը 46 մլն 542 հազար դրամ վարկ (հիփոթեք) է հայտարարագրել. «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանը 46 մլն 542 հազար դրամ վարկ (հիփոթեք) է հայտարարագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանն ավելի շատ վարկեր ունի, քան եկամուտ: Համենայնդեպս այդ մասին են վկայում նրա պաշտոնական փաստաթղթերը. մինչդեռ Թաիրովում բոլորը տեսնում ու լսում են, թե ինչպես են նախարարի ընտանիքի անդամների գործերը օր օրի լավանում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հավանական թեկնածուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանն է։ Նա նաև միակն էր, որ Փաշինյանի թիմից մասնակցել էր Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե Նարեկ Մկրտչյանն ինչ է հայտարարագրել 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում։

Թեև Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1989 թվականին, սակայն, ըստ փաստաթղթերի, 1956 թվականից համատեղ սեփականությամբ ձեռք է բերել անհատական բնակելու տուն Արմավիրի Փարաքար համայնքում։

Նախարար Մկրտչյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 6,1 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ պակասել է գրեթե 2 մլն դրամով։ Կանխիկ դրամական միջոցնը կազմել է 2 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ պակասել է 1,5 մլն դրամով։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 158 հազար դրամ, որից 21 մլն 522 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Եկամուտներից 1,6 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ամերիկյան համալսարանից, 1 մլն 464 հազար դրամը վարկ է «Ակբա կրեդիտ Ագրիկոլ» բանկից։

Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 542 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարն է։

Վարկերի մարմանը Մկրտչյանն ուղղել է 6 մլն 69 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Նարեկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատուն է, և «աշխարհը խալի է ոտի տակ» սկզբունքով՝ կուսակցական հարցերով ավելի շատ արտերկրում է լինում, քան նախարարի աթոռին: Ասվածի վկայությունը նրա համացանցային գրառումներն ու լուսանկարներն են»։