կարևոր
1687 դիտում, 1 օր առաջ - 2025-06-05 19:54
Տնտեսական

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն բանկային խախտումների վերաբերյալ նամակ է ուղարկել Ազգային ժողով

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն բանկային խախտումների վերաբերյալ նամակ է ուղարկել Ազգային ժողով

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և պատգամավորներին

Պատճեն՝ ԱԺ պատգամավորներ Արգիշտի Գևորգյանին և Արման Ղազարյանին

Հարգելի՛ պատգամավորներ,

Սույնով «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև տասնյակ քաղաքացիներ, ովքեր տուժել են բանկային համակարգում տեղի ունեցող համակարգային խախտումներից, կրկին դիմում են Ձեզ՝ խնդրելով ցուցաբերել պատշաճ վերաբերմունք և համագործակցության պատրաստակամություն՝ բարձրաստիճան կառույցների իրավական, քաղաքական և հանրային վերահսկողության շրջանակում լուծումներ որոնելու համար։

Մենք արդեն դիմել ենք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներին՝ խնդրելով կազմակերպել արտահերթ հանդիպում և լսումներ՝ ներկայացնելու հետևյալ խնդիրները․

Վարկային պարտավորությունների առաջացում առանց քաղաքացիների կամքի և մասնակցության՝ առանց դիմումի, պայմանագրի կամ գումարի ստացման։

Քաղաքացիների հաշիվներից կատարված անհիմն փոխանցումներ՝ առանց իրենց համաձայնության։

Կառավարական և վերահսկող մարմինների (ԿԲ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՆԳՆ) անգործություն և անհամաչափ վերաբերմունք՝ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման հարցում։

Հունիսի 2-ին մեր ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի խաղաղ ակցիա Ազգային ժողովի դիմաց։ Այդ ակցիայի ընթացքում, ԱԺ 107 պատգամավորներից միայն պատգամավորներ Արման Ղազարյանը և Արգիշտի Գևորգյանը («Հայաստան» դաշինք) արձագանքեցին և հանդիպեցին մեզ հետ։ Նրանք լսեցին քաղաքացիներին, ուսումնասիրեցին ներկայացված խնդիրները, համամիտ եղան մեր բարձրացրած մտահոգություններին և վստահեցրին, որ իրենց գործիքակազմով կփորձեն աջակցել լուծումների որոնման գործընթացին։

Մենք բարձր ենք գնահատում այդ պատրաստակամությունը, բայց միևնույն ժամանակ գտնում ենք, որ ներկայացված խնդիրների մասշտաբը պահանջում է Ազգային ժողովի ամբողջ կազմի, առանց կուսակցական կամ խմբակցային տարանջատման, ներգրավվածությունն ու գործուն մասնակցությունը։ Քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու և կանխելու նման երևույթները հետագայում՝ սա համազգային խնդիր է և պահանջում է համախմբված մոտեցում, և պատասխան։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք հետևյալը․

Կազմակերպել հրատապ լսումներ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում հանձնաժողովների միջոցով ապահովելով, Կենտրոնական բանկի, իրավապահ և վերահսկողական մարմինների մասնակցությամբ։

Ձևավորել աշխատանքային խումբ՝ բանկային ոլորտում հնարավոր իրավախախտումների, համակարգային անգործության և շահերի բախման դեպքերի ուսումնասիրության համար։

Քննարկել և նախաձեռնություն ցուցաբերել օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ՝ քաղաքացիների ֆինանսական անվտանգությունը երաշխավորելու, բանկերի հաշվետվողականությունը հստակեցնելու և տուժած քաղաքացիների փոխհատուցման մեխանիզմ մշակելու նպատակով։

Մենք համոզված ենք, որ Ազգային ժողովը, որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին, պարտավոր է արձագանքել քաղաքացիների արդար և հիմնավոր պահանջներին՝ անկախ նրանց սոցիալական վիճակից, բնակության վայրից կամ քաղաքական կողմնորոշումից։

Մեր կազմակերպությունը գործում է, և շարունակում է գործել բացառապես անկախ հիմունքներով՝ առանց կուսակցական պատկանելության կամ որևիցե քաղաքական շահի հետ կապված լինելու։ Մենք շահագրգռված ենք լայն հանրային համագործակցությամբ և բաց ենք բոլոր խմբակցությունների հետ աշխատանքի համար։

Հուսով ենք, որ այս նամակը կստեղծի շարունակական և կառուցողական երկխոսության նոր հիմք, և դուք՝ որպես պատգամավորներ, կփորձեք օգտագործել ձեր լիազորությունները՝ հանուն այն քաղաքացիների, ովքեր այժմ բախվել են սոցիալ-իրավական ծանր հետևանքների։

Հարգանքով՝

Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան

Քաղաքացիների խումբ՝ տուժած բանկային խարդախություններից

Հեռ․՝ 077 33 98 36

Էլ․ հասցե՝ [email protected]