կարևոր
1123 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-29 13:18
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը միտումնավոր սահմանային խախտումներ է անում , դրանով ուզում է զիջումներ պարտադրել ՀՀ-ին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած հերթական կրակոցներին։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու ուշագրավ հայտարարություն է եղել։ «Առաջինը ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն է եղել Կոնգրեսում, ըստ էության՝ նա ասել է՝ անկախ այն հանգամանքից, որ գործընթաց է գնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն լարվածությունը պահպանվում է։ Երկրորդը, դա երեկ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունն էր, որը շատ ավելի կոնկրետացրեց և ասաց, որ Սյունիքի շուրջ կա լարված իրավիճակ։ Տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են արտաքուստ չերևալ, որովհետև բանակցային գործընթացի կամ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների զրույցներն ու քննարկումները կամ հատուկ ծառայությունների կողմից նրանց ներկայացվող տարբեր տեղեկանքները հանրայնացման ենթակա չեն լինում»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ կրակոցներն առավել վտանգավոր բնույթ ունեն հատկապես Սյունիքի մարզի երկու բնակավայրի ուղղությամբ՝ Խոզնավարի և Խնածախի։ Երևի դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այդ բնակավայրերը բավականին մոտ են առաջնագծին և Ադրբեջանի համար բավական հեշտ թիրախ են դառնում։ «Եվ թեև իշխանությունը սկզբնական շրջանում չէր ուզում այդ մասին հրապարակումներ անել, բայց ստեղծված իրավիճակում պարզապես այլ տարբերակ չկար, քան դրա մասին որոշակի փափուկ հաղորդագրություններ տարածելը»,- ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ սրանք պատահական կրակոցներ չեն, այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն բնակավայրերի ուղղությամբ։ Ընդ որում, նշանառության տակ են վերցված կոնկրետ առանձնատներ։ «Սրան զուգահեռ Ադրբեջանը բավականին ագրեսիվ ձևով խոսում է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» մասին։ Ավելին, նրանք այնքան են փորձում սա լրջացնել, որ նույնիսկ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այդ համայնքի հետ աշխատել՝ կոնկրետ ժամկետներ սահմանելով նրանց այսպես կոչված վերադարձի համար, նրանց իրավունքների պաշտպանության համար և այլն»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։