կարևոր
3730 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-05-13 19:59
Հասարակություն

2 մլրդ դրամ հատկացու՞մն էր թատրոնի ոչ յուրային տնօրենից ազատվելու պատճառը. քաղաքապետարանը խոստովանու՞մ է

2 մլրդ դրամ հատկացու՞մն էր թատրոնի ոչ յուրային  տնօրենից ազատվելու պատճառը. քաղաքապետարանը խոստովանու՞մ է

Երևանի քաղաքապետարանը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի աղմկոտ պաշտոնանկության ֆոնին հայտարարություն է տարածել նշելով «թատրոնի առողջացման ծրագրի» շրջանակներում թատրոնի հիմնանորոգման համար հատկացվելիք ահռելի գումարի շուրջ 2 մլրդ դրամի մասին։

Իսկ ինչո՞վ էր խանգարում իր անցյալով ու կենսագրությունով մաքուր, որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ երբևիցե չներքաշված արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանը այս «առողջացման ծրագրին»։ Հենց այս հռետորական հարցի մեջ էլ հենց պարփակված է Էմին Թորոսյանից շուտափույթ ազատվելու պատճառը։

Ստորև ներկայացնում ենք քաղաքապետարանի` «ինքնախոստովանանք»֊ հայտարարությունը.

«Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթացը:

Մասնավորապես, առաջիկայում նոր թափով կշարունակվեն թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որից հետո կիրականացվի թատրոնի տեխնիկական ամբողջական վերազինման ծրագիրը: Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում իրականացված վերազինման և արդիականացման ծրագրի նմանությամբ, Պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես կվերազինվի նոր ձայնային և լուսային տեխնիկայով:

Շենքի հիմնանորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ:

Թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն ՀՀ դրամով, որից 100 մլն ՀՀ դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն ՀՀ դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար:

Նշված ծրագրերն իրականացվել են քաղաքապետարանի ենթակայության Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: Մասնավորապես, նախորդ տարի զգալի փոփոխություններ են իրականացվել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, իսկ վերջերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին հատկացվել է լրացուցիչ սուբսիդիա՝ 100 մլն ՀՀ դրամի չափով:

Թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվը ս/թ մայիսի 12-ին, ժամը 15:00-ին հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման: Սակայն, թատրոնի ներկայացուցիչները նշված հանդիպմանը չեն ներկայացել:

Առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը»:

 

Հիշեցնենք, որ այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմը արտակարգ ասուլիսում դատապարտել էր քաղաքապետարանի որոշումը և իր անվերապահ աջակցությունն էր հայտնել պաշտոնից ազատված տնօրենին` Էմին Թորոսյանին։

 

Տես նաև՝  Հասանելիք 20-ից 9․6% հրավիրատոմս ենք տվել, պարզվում է`դա էլ է շռայլություն․ ինչո՞ւ են աշխատանքից ազատել թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին

Տես նաև՝  Թող քաղաքապետարանից գան ու սպառիչ պատասխան տան՝ ինչո՞ւ են հեռացնում թատրոնի տնօրենին․ Արթուր Կարապետյան

Տես նաև՝  Ի՞նչ եք ուզում մեզանից, մարդ ունեք՝ տարեք ուրիշ տեղ խոթեք, ինչի՞ եք քանդում թատրոնը․ Արմեն Սանթրոսյան

Տես նաև՝ Փալասի տե՞ղ եք դրել մեզ․ անվանի դերասանը՝ թատրոնի տնօրենին աշխատանքից ազատելու որոշման մասին

Տես նաև՝  Ծափահարենք Էմին Թորոսյանին, 45 տարի է թատրոնում եմ, նա միակ գերազանց տնօրենն է․ դերասանուհի

Տես նաև՝ Էստեղ ձեզ միլիոններ չեն սպասվում և չեն սպասում, մի շտապեք գալ․ թատրոնի դերասանը՝ հնարավոր նոր տնօրենի թեկնածուին

Տես նաև՝ Եթե դահլիճում տեղերը դատարկ լինեին, էլի հանելո՞ւ էին թատրոնի տնօրենին, սա հետապնդում է, էսպես չի կարելի․ Հակոբ Ղազանչյան