|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» գրում է․ Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել վրացական «Ջորջիան Թրեյն» ընկերության հետ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կարիքների համար անվազույգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման համար։ Այս ծառայության արժեքը 69 միլիոն դրամ է, որը վճարվել է Երեւանի բյուջեից։ Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրը պատմում է, որ նախորդ տարիներին նույն ծառայությունը մատուցել են հայկական ընկերությունները, թե ինչպես է ստացվել, որ այս տարի վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին եւ հաղթել` չգիտի։ Ի դեպ, մրցույթին մեկ ընկերություն է մասնակցել` վրացականը: «Մի բան, ինչը միշտ Հայաստանում է արվել․ այս ո՞ւր եք հասցրել մեր քաղաքն ու երկիրը, որ մենք մեր մետրոն չենք կարողանում սպասարկենք, պրիմիտիվ գործառույթ պետք է կատարվի, ու վրացական ընկերությունը գալիս-հաղթում է։ Ու հիմա այս ամբողջ մեծ գումարը դուրս պիտի փոխանցվի»։
Մենք դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենին՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ միայն մեկ օտարերկրյա ընկերություն է մասնակցել մրցույթին եւ հաղթել, մինչդեռ նախորդ տարի հայկական ընկերություններն են այդ ծառայությունը մատուցել։ Խոսնակն անորոշ պատասխան տվեց, թե դա պետական գնում է, իրենք չեն կազմակերպել, եղել է բաց մրցույթ։