|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ «Յու. Հովհաննիսյանի անվան Արվեստի և գրականության ժողովրդական համալսարան»-ը նախաձեռնել է «Կոմիտասյան Հայաստան» խորագրով ֆլեշմոբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆլեշմոբն անցկացվելու է սոցիալական ցանցերով: Մեկնարկելու է օգոստոսի 11-ին և ավարտվելու է Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին:
Ներկայացնելով ֆլեշմոբի կանոնները՝ համալսարանի ռեկտոր Անահիտ Օհանյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր անհատ, ընկերություն կամ հաստատություն կարող է դառնալ այդ ֆլեշմոբի մասնակիցը: «Յուրաքանչյուր մասնակից «Ֆեյսբուք»-ի իր հարթակի ուղիղ եթերում կամ նախօրոք պատրաստված տեսահոլովակի ձևաչափով տեղադրում է Կոմիտասին վերաբերող նյութ՝ նկար, քանդակ, կամ հանդես է գալու երգով, բանաստեղծությամբ, ասույթով, հուշով: Անհրաժեշտ է տեղադրել նաև միջոցառման հեշթեգերը՝ #ԿոմիտասյանՀայաստան, #Կոմիտաս155»,- նշեց Անահիտ Օհանյանը՝ կարևորելով կոմիտասյան ֆլեշմոբի մասսայականացումը, կոչ անելով միանալ նախաձեռնությանը:
«Կոչ ենք անում հայությանը ակտիվ մասնակցել ֆլեշմոբին: Մեկ ակնթարթ միավորվենք մեծն Կոմիտասի շուրջ, մեր խոնարհումը բերենք ու դառնանք Վարդապետի ժառանգության իրավատերը»,- հավելեց Անահիտ Օհանյանը։