|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և նրանց համար կստեղծի ամենահարմար պայմանները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։
Նրա խոսքով, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը հատկապես ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թ.հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ։
Զախարովան հիշեցրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը՝ հիմնված առկա զարգացումների վրա»։
«Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել։ Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, դա արձանագրված է նաև մեր երկրի ստորագրած փաստաթղթում։ Իհարկե, նման օգնության ծավալն ու ձևը պետք է ընդունելի լինի բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար, - ասաց Զախարովան։
Ռուս դիվանագետը հույս հայտնեց, որ առկա տարաձայնությունները շուտափույթ կլուծվեն և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ոլորտներում հաջող առաջընթաց կկատարվի՝ ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան:
«Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները։ Եվ դրսից ոչ ոք հաստատ խաղաղություն ու բարեկեցություն չի բերի մեր ընդհանուր տանը։ Դա ապացուցված է դարերով»,- ընդգծեց նա։