կարևոր
6037 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-25 18:38
Հասարակություն

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել

ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր դատավորներ Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները, սակայն, քանի որ որևէ թեկնածու չկա, որը ձայն է ստացել, այս դեպքում երկրորդ փուլ չի կարող լինել՝ ըստ կանոնակարգի:

«Եվ հարցը ԲԴԽ-ի դաշտում է, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին»,-հայտարարել է Հակոբ Արշակյանը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր հաստիքի համար առաջադրվել էր նաև Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի, Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը և այս թեկնածուների հարցով ԱԺ-ն քվեարկություն է իրականացրել։ Վճռաբել դատարանի դատավոր ընտրվել է Սերգեյ Մեղրյանը։