կարևոր
2530 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-23 17:18
Քաղաքական

Վերին Ոսկեպարը Ադրբեջանին հանձնու դեպքում Լոռու մարզը հայտնվելու է Ադրբեջանի զորքի թիրախում․ Գառնիկ Դանիելյան

Ներկայացնում ենք ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․

Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ փաշինյանը հայտարարեց, որ 86․600 կմ²-ի մեջ մտնում են նաև Տավուշի գյուղերը, և հարցին, թե ՀՀ տարածքային ամբողջականության 29.800կմ²-ի մեջ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը մտնո՞ւմ են, պատասխանեց՝ «ոչ»։

Եթե ունենայինք փոքր-ինչ պետականամետ և պատմությունից գիտակ իշխանություն, կլսեինք որ ինչպես Տավուշի գյուղերը, այնպես էլ՝ Տիգրանաշենը, մշտապես մեր հայրենիքի մասն են կազմել, և անգամ Խորհրդային քարտեզներում են դրանք մեր տարածքները համարվել։ 
Բացի այդ, Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թվականների մուսավաթական, և ոչ խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։ Այսպիսով, նման պահանջը հակասում է իր իսկ սահմանադրությանը, և անկլավ հասկացության կիրառումը, ընդհանրապես, անտեղի է։ 

Ավելին, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից որոշ հողատարածքներ, որ Խորհրդային Հայաստանի մաս էին կազմում, այսօր ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո են, և եթե որևէ պետություն տարածքային պահանջ ներկայացնելու իրավունք ունի, դա մենք ենք։ 

Ընդդիմությունը, ինքս էլ՝ անձամբ, բազմիցս բարձրաձայնել ենք, որ բացի Արցախից, ծանրագույն մարտահրավերների առաջ են կանգնած նաև ՀՀ մի շարք մարզեր, մասնավորապես՝ Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը։ 

Եթե վարչապետի աթոռը զբաղեցրած անձը մինչ այս չէր բացառում, երեկ բացեիբաց հայտարարեց, որ չի սահմանափակվում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով․ նրան պետք չեն նաև Տավուշի գյուղերը։ 

Տավուշի 6 գյուղերի Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել է թշնամի պետության ղեկավարությունը։ 

Ո՞ր պետության շահերն ես ներկայացնում, որ համարձակվում ես նման պարտվողական և հակապետական մտքեր արտաբերել։

Բացի այն, որ Տավուշի գյուղերը մեզ համար պարզապես բնակավայրեր չեն, այլ սրբազան հայրենիք, այդ գյուղերից ցանկացած մեկի հանձնմամբ կկազմաքանդվի թե՛  Տավուշի, թե ՀՀ-ի պաշտպանական  համակարգը։ 
 
Խոսելով հետևանքների մասին, բերեմ  ընդամենը  մի  քանի  օրինակ.  

Վերին  Ոսկեպարի հանձնման դեպքում  թշնամին  մխրճվում  է  
հանրապետության թիկունք,  և  ադրբեջանցու  դիպուկահարը  
հայտնվում  է  ընդհուպ  Լոռու մատույցներ՝  Թեղուտի  անտառներ:

Այս դեպքում, ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն  ինքնին  վերածվում  է  յուրօրինակ  «Լաչինի միջանցքի»՝  հայտնվելով  ադրբեջանական զորքերի ու  զինտեխնիկայի  թիրախում։

Տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում, բացի վերոհիշյալից, թշնամուն են հանձնվում նաև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ ինչի արդյունքում թշնամին ընդհանուր թվով 7 հատվածներում վերահսկողություն կունենա ՀՀ-Վրաստան միջպետական մայրուղու վրա։ 

 Այս իշխանությունների պարագլուխը վերջին ասուլիսին խոստովանեց մեր կողմից բազմիցս փաստված աքսիոման, ըստ որի գոյություն չունի զիջման որևէ սահման, որտեղ կավարտվեն Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։ Հետևաբար` որևէ մետր զիջումը նշանակում է ոչ այլ ինչ, քան մահաբեր թշնամու ևս մի քայլ առաջանալը դեպի Երևան։