կարևոր
2227 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-22 11:59
Աշխարհ

Ճապոնիան բուժման կընդունի ուկրաինացի զինվորների

Ճապոնիան բուժման կընդունի ուկրաինացի զինվորների

Ճապոնական կողմն Ուկրաինայի խնդրանքով Կիևին կտրամադրի շուրջ 100 ռազմական բեռնատար և այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև մոտ 30 հազար լրակազմ բանակային օրաբաժիններ, որոնք օգտագործվում են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինծառայողների կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է Ճապոնիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Արտգործնախարարության տվյալներով՝ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան համապատասխան խոստումն  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տվել է մայիսի 21-ին Հիրոսիմայում կայացած բանակցությունների ընթացքում։

Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ երկիրը կսկսի բուժման ընդունել ուկրաինացի վիրավոր զինվորների։ Գերատեսչությունը նշում է, որ Կիսիդան նաև խոստացել է կայուն կերպով տրամադրել մինչև այժմ հայտարարված 7.6 մլրդ ԱՄՆ դոլարի օգնությունն Ուկրաինային և աջակցել երկրի ենթակառուցվածքների վերականգնման հարցում։

Ճապոնիան մայիսի 19-ից մինչև 21-ն հյուրընկալել է «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը Հիրոսիմայում։ Սկզբնապես ենթադրվում էր, որ Զելենսկին դրան կմասնակցի տեսակապի միջոցով, սակայն հետագայում նա ցանկություն էր հայտնել անձամբ մասնակցել հանդիպմանը։ Ուկրաինայի նախագահը մայիսի 20-ին Հիրոսիմայի օդանավակայան էր ժամանել Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով: