կարևոր
2443 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-18 13:52
Քաղաքական

Հիմա Նիկոլն արևմտյան մայրաքաղաքներում ազդարարում է Արցախի հանձնումն Ադրբեջանին. քաղաքագետ

Հիմա Նիկոլն արևմտյան մայրաքաղաքներում ազդարարում է Արցախի հանձնումն Ադրբեջանին. քաղաքագետ

Փաշինյանի հայտարարությունը նշանակում է այն, որ Հայաստանը փաստացիորեն արդեն պաշտոնական մակարդակով, բայց հայտարարության տեսքով, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։

«Ու սա անում է այն միջակությունը, որն ընդամենը 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ճղճղում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Այսօր արդեն ինքը ռեյկյավիկներում հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ, իհարկե, այլ ձևաչափով», - ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջ Հայաստանը վերջնականապես ծնկեցնել թուրքերի առաջ։

«Իր հակապետական քայլերը փորձում է բացատրել նրանով, թե այդպիսով փորձում է իբր թե խաղաղություն բերել հայ ժողովրդին։ Իրականում նա վերջնականապես ամեն ինչ անում է, որպեսզի հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում ընդհանրապես վերանա։ Օր առաջ Նիկոլը պետք է զրկվի իշխանությունից, նրան պետք է թույլ չտալ ՀՀ անունից որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է՝ բառի բուն իմաստով։

Իր այս հայտարարություններով ինքն ուղղակիորեն ֆիզիկական վտանգ է ներկայացնում Հայաստանում և Արցախում ապրող հայ բնակչության համար», - նշեց Համբարյանը։

Քաղաքագետն ասում է, թե հասարակությունից որևէ ակնկալիք այս պահի դրությամբ չունի.

«Ես սարսափում եմ մեր հասարակության այս ամորֆ կեցվածքից, ինքնաոչնչանալու այս պատրաստակամությունից, երբ այս ամենը տեղի է ունենում պարով, ուրախությամբ, քեֆերի ներքո։ Իմ միակ հույսն այս պահին Ռուսաստանն է, որը, ենթադրաբար, վերջապես հասկացել է, որ Արևմուտքը Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում է ռուսներին վռնդել Հայաստանից։

Հիմա Նիկոլն արևմտյան մայրաքաղաքներւմ ազդարարում է Արցախի հանձնումն Ադրբեջանին, դրանով, իբր, խաղաղության օրակարգի հաստատումը՝ հայերի և թուրքերի միջև։ Իրականում բոլորին էլ պարզ է, որ Ռուսաստանն իր ոչ հեռատես արտաքին քաղաքականության և ժուժկալ վարքագծի արդյունքում այլ ձևաչափով չի կարողացել գրավել հայաստանյան հասարակությանը։

Բոլորն էլ հասկանում են, եթե չկա արցախյան հարց՝ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում զրոյացվում է։ Հիմա այդ զրոյացման գործընթացն է տեղի ունենում։ Հույս ունեմ, որ Ռուսաստանն իր ազգային և պետական շահերից դուրս գալով՝ ինչ-որ քայլեր կձեռնարկի, դրանով կփրկի նաև հայ ժողովրդին վերջնական ոչնչացումից իր պատմական հայրենիքի 11-12 տոկոս տարածքում, որն իր մեջ ընդգրկում  Հայաստանի գործող Հանրապետությունը»։