կարևոր
3526 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-13 09:11
Հասարակություն

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության կարգը կփոխվի. «Ժողովուրդ»

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության կարգը կփոխվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրման կարգը փոխվելու է ռուսական կողմի ցանկությամբ: Դա ներառված է ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած՝ «հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում: Նկատենք, որ փաստաթղթում ամրագրված են համալսարանի խնդիրները. դրանք ներառում են կրթական միջոցառումները, ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի հանրահռչակման քայլերը, ռուսաց լեզվի՝ուսուցիչների խորացված վերապատրաստման կենտրոնի ստեղծումն ու զարգացումը, ռուսական կրթության ցուցահանդեսների եւ տոնավաճառների անցկացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դերի եւ ազդեցության ամրապնդումը եւ այլն: Եվ ահա, մեր տեղեկություններով, ռուսական կողմը փոփոխություն է առաջարկել նաեւ կառավարման ձեւում: Բանն այն է, որ այժմ համալսարանն իր կոնֆերանսի ժամանակ է ընտրում ռեկտորին, այսինքն՝ այն նշանակովի պաշտոն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջարկվում է ստեղծել կառավարչական խորհուրդ, որը նման է հոգաբարձուների խորհրդին: Այն կազմված է լինելու 12 անձից՝ 6-ը հայկական եւ 6-ը ռուսական կողմերից: Այդ 12 անձինք են հենց հետագայում ընտրելու ռեկտորին:

Ավելին, մեր տեղեկություններով՝ հայ դասախոսները, որոնք դասավանդում են համալսարանում, կանգնել են խնդրի առջեւ, քանի որ ռուսական կողմը ցանկանում է ավելի խորացնել ռուսաց լեզվով ուսուցումը, եւ դա էլ ենթադրում է՝ պետք է ռուսական կողմից դասախոսներ լինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմի նախագիծը դեռ պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ, որից հետո պետք է ընդունվի ՌԴ Պետական դումայում, ապա ՀՀ Ազգային ժողովում եւ դրանից հետո նոր կմտնի ուժի մեջ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում