կարևոր
3304 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-09 22:48
Արցախ Հասարակություն

Արժանապատվությունը բոլորի համար է, ոչ թե միայն արցախցիների. Ռուբեն Վարդանյան

Արժանապատվությունը բոլորի համար է, ոչ թե միայն արցախցիների. Ռուբեն Վարդանյան

Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես է եկել «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Բարև ձեզ, հարգելի՛ արցախցիներ,

Առաջին հերթին ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել։ Մայիսի 9-ը լինելու է միշտ մեր տոնը, մենք միշտ նշելու ենք մեր հաղթանակները և կերտելու ենք նոր հաղթանակներ, համոզված եմ։

Շատ շնորհակալ եմ, որ այսօր երիտասարդները հրավիրեցին ինձ ելույթ ունենալ և միասին լինել։  Գիտե՞ք՝ սա երևի ներկայիս Արցախի ամենակարևոր օրերից է։ Լինելով տարիքով ավելի մեծ՝ ուրախ եմ, որ դուք եք այստեղ կանգնած, դուք եք սա կազմակերպել, դուք եք այս շարժումը սկսել, ապրե՛ք, շնորհավորում եմ ձեզ։

Ես վստահ եմ, միայն դուք կարող եք կերտել արժանապատիվ ապագա՝ ձեզ համար և ամբողջ Արցախի համար։ Այսօր ես շատ եմ օգտագործելու արժանապատվություն բառը, որովհետև վստահ եմ, դա ամենախորքային, արմատային առավելությունն է։ Մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ, արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի և պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Գիտե՞ք, մենք բոլորս իրար հետ միասին քննարկման ժամանակ գծել ենք 6 կարմիր գծեր, որոնք անընդունելի են արցախցիների համար:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց այդ կարմիր գիծը՝ դնելով անցակետ, որը ստուգելու է մեր անձնագրերը։ Ես ուզում եմ ձեզ հետ խոսել հասարակ լեզվով․ կարմիր գիծն ինձ համար այն է, երբ դու չես կարող ասել, որ դա քեզ հետ չի կատարվում,  ես ձեզ լավ չեմ լսել, ես գուցե ճիշտ չեմ հասկացել։ Պատասխանը միակն է՝ պետք է պայքարել, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում դու դառնում ես ստրուկ, ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարող են անցնել՝ ոտքերը սրբելով։ Ինձ և բոլորիս համար այդ կարմիր գծերը պետք է հստակ լինեն, որովհետև մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր անձնագրերը ստուգի ուրիշ պետություն։ Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան։ 159 օր մենք շրջափակաման մեջ ենք, չունենք գազ, չունենք լույս: Դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց դիմանում ենք ու չենք ընկճվում: Այո՛, ծանր է վիճակը, բայց մենք գիտենք մի բան՝ այսպես ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է, իսկ մենք թույլ չենք տալու ռեօկուպացիա ոչ մեկին։ Ասենք ո՛չ ռեօկուպացիային, ո՛չ, ո՛չ, ո՛չ։

Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերը, մեր գերեզմանները, մենք պաշտպանում ենք մեր իրավունքը՝ մեր հողի վրա ապրելու, ապրելու այնպես, ինչպես մենք ենք որոշում, ոչ թե ուրիշը։ Մենք ոչ ոքի վրա չենք ուզում հարձակվել, այլ ուզում ենք ուղղակի հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում։

Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն բանակցությունները չեն կարող լինել ատրճանակը գլխին դրած։ Բանակցությունները պետք է լիեն երկու կողմերի հարգանքով: Բանակցություններ պետք է լինեն միայն այն ժամանակ, երբ մենք, որպես անկախ Արցախ կարողաննաք նստել և խոսել հարևանի հետ:

Մենք ունենք նպատակ, որը կերտվել է 1988թ.-ին՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ, ու այդ նպատակը չի փոխվել։ Մենք այդ նպատակը վերահաստատել ենք բազմիցս, և այս օրերին շատ կարևոր է այն ևս մեկ անգամ վերահաստատելը։

Ես շատ ուրախ եմ, որ բոլորդ միացել եք հանրագրին, որովհետև սա յուրահատուկ հանրագիր է: Այն ոչ թե դիմում ու պահանջում է ուրիշներից, այլ երիտասարդներն ասում են՝ լուծեք հարցերը, չե՞ք կարողանում, մենք ենք լուծելու՝ ինչպես կարող ենք։ Մենք չենք թողնելու, որ հարցը չլուծվի։ Մենք ենք լուծելու մեր անվտանգության, մեր հայրենիքի ապագայի հետ կապված հարցերը։ Շատ կարևոր է արժանապատիվ մնալը։

Ես դիմում եմ ամբողջ հայությանը: Ես վստահ եմ, որ մեր կողքին եք, բայց դուք պետք է դա ցույց տաք։ Որտե՞ղ են մեկ միլիոն ստորագրությունները, ինչո՞ւ է միան 120 000։ Ինչո՞ւ ամբողջ հայությունը մեր կողքին կանգնած չէ։ Արժանապատվությունը բոլորի համար է, ոչ թե միայն արցախցիների: Մենք բոլորս միասին դա պիտի անենք։

Ես հասկանում եմ, որ Հայաստանի կառավարությունը ունի խնդիրներ, որպես պաշտոնյա մարդիկ ինչ-որ սահմանափակումներ ունեն, բայց ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ, մարդ մնալ, միանալ այս շատ կարևոր շարժմանը։ Ձեր ընտանիքները ինչո՞ւ չեն ստորագրել, ձեր երեխաները ինչո՞ւ չեն ստորագրել։ Որտե՞ղ եք դուք: Դուքնախ պետք է ցույց տաք, որ հայ եք, հետո՝ ղեկավար։

Կարևոր է իմանալ, որ արժանապատվությունը շատ դժվար է կերտվում ու շատ հեշտ կորսվում։ Թույլ մի՛ տվեք դա։ Որտե՞ղ եք բոլորդ, որ գոռում եք Արցախի մասին՝ նստած ձեր տաք տեղերում: Ինչո՞ւ կանգնած չեք Արցախի կողքին։ Արցախը միայն արցախցիների համար չէ, այլ ամբողջ հայության: Հավատացեք՝ ուրիշ տարբերակ չկա։ Արցախը չլինի՝ չի լինի հայկական աշխարհը։

Այսօր մեծ հաղթանակի օր է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրն է։ Ես ուզում եմ դիմել ռուս զինվորներին, խաղաղապահներին, ովքեր այստեղ կանգնած են մեր կողքին։ Ձեզ ամեն ձևով ուզում են ճնշել։ Ադրբեջանական անցակետը նաև ձեր դեմ է արվել: Նրանք ուզում են, որ դուք այստեղ չլինեք, որ ամեն հնարավոր ձևով պառակտեն ձեզ, որ այստեղից դուր գաք, որ հայերը հիասթափվեն։ Չի՛ ստացվելու, որովհետև մենք իրար հետ անցել ենք հայրենական պատերազմով, մենք իրար կողքի ենք հիմա, և Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից։ Ես վստահ եմ՝ դուք էլ եք դա հասկանում, ուստի մենք իրար հետ, կողք կողքի ամեն ինչ պետք է անենք, որ կատարեք ձեր պարտավորությունները այնպես՝ ինչպես որ պետք է։ Այո՛, գիտեմ՝ դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք։

Ես ուզում եմ դիմել միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների ղեկավարներին։ Որտե՞ղ է ձեր արժանապատվությունը։ Ադրբեջանը թքում է ձեզ վրա՝ ասելով՝ չեմ ենթարկվում ոչ մի դատարանի որոշման, ոչ մի պայմանագրի։ Այդ ի՞նչ է, արժանապատվություն չունե՞ք, ուժ չունե՞ք, չե՞ք կարող ասել՝ Ադրբեջա՛ն, դու ո՞վ ես, կատարի՛ր այն, ինչ ստորագրել ես։

Մեր բոլոր ղեկավարները տարբեր  մակարդակներում պետք է հասկանան՝ հայրենական պատերազմի ժամանակ դու ղեկավար չես, դու ղեկավար-առաջնորդ ես։ Քո խոսքը, քո պահելաձևը, քո ամեն քայլը շատ կարևոր է մարդկանց համար: Մեզ մոտ կուտակված է շատ հզոր էներգիա, որը ես զգում եմ ամեն օր: Այդ էներգիան պահանջում է, որ մենք (մարդիկ, ովքեր ունեն ունակություն) վերցնենք մեզ վրա պատասխանատվություն ու բոլորին համախմբենք, դառնանք մի գունդ, մի պատ, որը կպաշտպանի մեր հայրենիքը։

Ճգնաժամը շատ մեծ վտանգ է, բայց և մեծ հնարավորություն։ Երևի այս ճգնաժամը մեզ հնարավորություն է տալիս մաքրվելու, հասկանալու մեր սխալները, նաև փոխվելու։ Այս ճգնաժամն է մեզ հնարավորություն տալիս 30 տարվա մեջ կուտակված սխալները դնել մի կողմ ու սկսել նոր կյանք, նոր ձևով, նոր մոտեցմամբ՝ արդար, թափանցիկ։ Երբ պետությունն ու ժողովուրդը զգում են հավատ ու իրար հետ միասին են կառուցմում անվտանգությունը, գիտեն՝ ինչ է պետք անել։

Ես շատ ուրախ եմ ձեզ այսօր ներկայացնել մեր աշխատանքը, որ արել ենք վերջին 2 ամիսների ընթացքում։ Մասնակցել են 4 կուսակցությաունների ղեկավարներ, տարբեր ՀԿ-ների ղեկավարներ, երիտասարդներ, տարեցներ, Սփյուռքից, բոլորը մասնակցել են քննարկումներին, թե ինչպես են տեսնում Արցախի ապագան: Դա շատ կարևոր էր, և մենք ունենք այդ տեսլականը, և ոչ միայն տեսլականը, այլև ճանապարհային քարտեզը, քայլերի, նպատակների կոնկրետ ցուցակը։ Մենք այն փոխանցել ենք ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ ղեկավարին և բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են այդ ծրագրով առաջ գնալու: Մենք իրար հետ կարող ենք դա անել, սակայն ուզում եմ ասել, եթե դուք չեք անելու, մենք միևնույն է անելու ենք, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։ Մենք ասել ենք և ասում ենք, իհարկե, շատ դժվար է ճանապարհը, շատ խնդիրներ կան, բայց մենք այսօր պետք է խոսքից անցնեք գործի:

Մեր տեսլականի մեջ շատ կարևոր մի բան ունենք․ ի՞նչ է նշանակում հայրենական պատերազմ։ Հայրենական պատերազմ նշանակում է, որ մենք բոլորս ենք զինվոր, ոչ թե միայն բանակը: Պետք է ընդունենք այն և ենթարկվենք դրան։ Իսկական ռազմական իրավիճակ պետք է ստեղծվի այստեղ, որպեսզի հասկանանք, որ ուրիշ ձև չկա: Մենք պետք է սահմանափակենք մեզ և հասկանանք, որ մեր պահելաձևը պետք է լինի ավելի կտրուկ, ավելի խիստ։ Այո՛, պատժի մեխանիզմները պետք է լինեն ավելի կտրուկ, այո՛, մենք պետք է սահմանափակենք ինչ-որ օրենքների կատարումը, պետք է անենք ցավալի քայլեր։ Շատ դժվար է, ուրիշ ճանապարհ չկա։ Մենք չենք կարող հաղթել դրսի թշնամուն, եթե մենք մեր մեջ այդ ուժը չունենանք։

Մենք անպայման պետք է շփվենք ժողովրդի հետ։ Ես չեմ ընդունում, որ ուղղակի հայտարարություններ ենք անում: Մենք մեր ծրագրերը իրականացնում ենք, սակայն ժողովուրդը չգիտի։ Ես գիտեմ, որ բանակում մեծ գործ է արվում, գիտեմ, որ տարբեր ուղղություններով աշխատում են, սակայն մարդիկ չգիտեն։ Երբ գնում եմ համայնքներ, մարդիկ ասում են՝ ոչ մի բան չկա, շատ վատ է ամեն ինչ, սակայն այդպես չէ: Շփումը քիչ է, ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ ենք անում մենք միասին։

Այս հայրենական պատերազմը միակ ճանապարհն է համախմբվելու և դրա համար, ղեկավարնե՛ր, դուք պետք է լինեք արժանապատիվ մեր ժողովրդի համար, որովհետև ուրիշ ձև չի լինելու։ Մարդիկ պետք է ձեզ հավատան ու հարգեն, դա շատ կարևոր է։

Պայքարը Արցախի համար ոչ թե միայն մարտական քայլերն են, դա նաև մարդկանց պահելաձևն է՝ մեր մտքերի մաքրությունը, սկզբունքներին պինդ կառչելը, առանձին կարևոր նպատակները երկրորդելու և ընդհանուր նպատակները առաջին տեղում դնելու պատրաստությունը:

Մենք ձեզ հետ այսօր կերտում ենք պատմութուն և պատմության մեջ մենք ենք մնալու, ոչ թե վախկոտները, ոչ թե կոռումպացված մարդիկ, ոչ թե մարդիկ, որ անտարբեր են եղել: Մենք ենք մնալու պատմության մեջ որպես մարդիկ, ովքեր կանգնել են հայոց աշխարհում ու պաշտպանել մեր արժանապատվությունը:

Վստահ եմ՝ դա լինելու է այս դարերի պատմության ամենակարևոր էջը»։