կարևոր
4132 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 16:15
Իրավական

Քննիչի կողմից առերևույթ կաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվել. փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Քննիչի կողմից առերևույթ կաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվել. փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեում ներքին վերահսկողական գործիքակազմի անշեղ իրականացման արդյունքում քրեական մի վարույթի շրջանակներում առերևույթ  տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՔԿ-ում ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող անձն այցելել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննիչի աշխատասենյակ։ Հետաքրքրվելով  վարույթի ընթացքով՝ նա վերջինիս խնդրել է իր կողմից մատնանշած անձի օգտին որոշակի գործողություններ կատարել։

Մասնավորապես՝ նա խնդրել է քննությամբ հերքել ավտովթարի ձևացում տեղի ունեցած լինելու վերաբերյալ  ձեռք բերված տվյալները: Վարույթի նման ելքի՝ ավտովթարն իրականում տեղի ունեցած լինելու հանգամանքը հաստատվելու  և քրեական վարույթը կարճվելու դեպքում նա խոստացել է իր ներկայացրած անձի կողմից ապահովագրական ընկերությունից որպես պատճառված վնասի փոխհատուցում ստանալուց հետո այդ դրամական միջոցներից որպես կաշառք տալ վարույթն  իրականացնող քննիչին:

Նկատի ունենալով, որ վկայակոչված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալու հանցավոր արարք կատարված լինելու մասին՝ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: