կարևոր
4231 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-18 17:26
Քաղաքական

Բացի Ալիևից այլ մարդ կա՞, որի հետ բանակցային պրոցեսի պատմությունը քննարկվել է. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանի չիմանալը չի նշանակում, որ հայկական պոեզիայում Արագածին նվիրված բանաստեղծություններ չկան»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով բաց դռների շրջանակներում ԱԺ այցելած դպրոցականներին և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին, որոնց հետ միջանցքում հանդիպման ժամանակ նման բան էր ասել Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը սկսեց արտասանել . «Դո՛ւ, Արագած, Ալմաստ վահան…»:

Գեղամ Մանուկյանը ընդհատեց Փաշինյանին՝ ասելով, որ կան նաև Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի ստեղծագործությունները, բայց իր սիրածը Հովհաննես Շիրազի «Հանճարեղ խելագար»-ն է և արտասանեց մի հատված.

«Կախպերանամ ողջ ազգերին,
Թե չթողնեն թուրքի գերին
Սրբություններն իմ հայկական.
Խելքի կգամ, երբ միանան
Արարատներն Արագածին…»:

Անցնելով բուն հարցին՝ Գեղամ Մանուկյանը ասաց 5 տարիների ընթացուոմ արցախյան հակամարտության մասին եղել են Փաշինյանի այնքան հայտարարություններ, որ գիտական աշխատանքի նյութ կարող է դառնա:

Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը 2019թ. և 2020 թ. սեպտեմբերի 2-ի գրառումները, որոնցում նա շնորհավորել է Արցախի անկախության օրը՝ Գեղամ Մանուկյանը  հիշեցրեց, որ այդ օրը Արցախի Հանրապետության հռչակման օրն է, իսկ անկախությունը հռչակվել է 2019 թվականի դեկտեմբերի 10-ին:

Նիկոլ Փաշինյանն էլ  հիշեցրեց, որ 1989 թվականին ՀՀ ԳԽ-ն և ԼՂՀ մարզխորհուրդը որոշում էին ընդունել միավորման մասին:

Նա հայտնեց, որ նման որոշում ընդունվել է նաև 1990 թվականին, իսկ 1991 թվականի դեկտեմբերին Արցախն անկախացել է և հարց տվեց՝ թե ումի՞ց;

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ 2021 թվականին Մինսկի խմբի ռուս համանախագահը ստիպված եղավ պաշտոնական հայտարարությամբ ասել հայ ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանի ասածը հալած յուղի տեղ չընդունեն, որ Արցախի կարգավիճակի հարցը միշտ քննարկվել է՝ առաջնային:

Դրանից հետո պատգամավորն փոխեց իր հարցի բովանդակությունը:

«Ցանկացած ինստիտուցիոնալ մարդ, պաշտոնի գալուց հետո պեքտ է խորհրդակցի նախկինների հետ»,-ասաց Մանուկյանը և հիշեցնելով, որ միայն 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևի հետ քննարկել են բանակցային գործընթացի պատմության հետ կապված հարցեր, հարցրեց. «Այլ մարդ կա՞, ասենք՝ պաշտոնյա, նախկին դիվանագետ,  բանակցային պրոցեսի մասնակից, որոնց հետ այդ ամբողջ բանակցային պրոցեսը քննարկվել  է»:

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այն բոլոր մարդիկ, որոնք տեղյակ էին բանակցային գործընթացից, թող գրեին իրեն, կամ հանդիպման առաջարկ անեին, իսկ ինչ վերաբերում է բանաստեղծությանը, ապա չի կարող բոլորը հիշել, չնայած մի քանիսը անգիր գիտի, բայց ինքը դպրոցականների հետ նկարի մասին էր խոսում: