կարևոր
2848 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 13:39
Քաղաքական

Ո՞վ է սպանել ԶՊՄԿ պահնորդին, որտե՞ղ, ինչպե՞ս և ո՞ւր է հեռացել. «168. am»

Ո՞վ է սպանել ԶՊՄԿ պահնորդին, որտե՞ղ, ինչպե՞ս և ո՞ւր է հեռացել. «168. am»

168.am-ի հաղորդմամբ՝ երեկ տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

«Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,-գրված էր shamshyan.com-ում:

Ըստ կայքի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում:

Մինչ որևէ տեղեկություն չի հայտնվում սպանություն կատարողի անձի վերաբերյալ, 168.am-ը որոշակի տեղեկությունների է տիրապետում:

Ըստ ԶՊՄԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների՝ սպանությունը կատարել է Հայաստանի Սիսիան համայնքի բնակավայրեր ներթափանցած 2-րդ ադրբեջանցին:
«Եկել են Նախիջևանով, հասել Վահանավանքի վերևի աջ կողմի սարը, Շղարշիկ բնակավայրում էլ տեղի է ունեցել սպանությունը»,-ասաց մեր աղբյուրը:

Ըստ նրա՝ սպանությունը կատարելուց հետո ադրբեջանցին վերցրել է ԶՊՄԿ-ի սպանված պահնորդի հեռախոսը, այդ հեռախոսով ուղիղ եթեր արել, սպառնացել հայերին ու հանգիստ հեռացել: Տեղեկություններ կան, որ Կովսականով անցել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ:

Այսինքն՝ ադրբեջանցին անարգել մտնում է Հայաստան, դիվերսիա անում, մարդ սպանում ու հանգիստ հեռանում, իսկ մեր պետությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը երեկ հանգիստ պատմում էր այն մասին, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներից մեկին չեն գտել, իսկ մյուսն Ադրբեջանում միջանձնային խնդիր է ունեցել, փախել է ու չի ցանկանում վերադառնալ:

Ի դեպ, Շղարշիկում, ուր տեղի է ունեցել սպանությունը, հայկական ԶՈՒ նոր զորամաս է բացվել, որը ադրբեջանցիների՝ նոր տեղակայված դիրքերից շատ հեռու չէ, ու չի բացառվում, որ դիվերսանտ ադրբեջանցին հետախուզման եկած լինի, տեսած լինի ու սպանած, որովհետև ԶՊՄԿ պահնորդները հագնում են զինվորական համազգեստ: