կարևոր
4036 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-06 14:28
Արցախ

Ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ մարդիկ ազատ են գնալու համար, բայց հետ գալու՝ ոչ. Արցախից հայերին դատարկելու խնդիրն է. Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ մարդիկ ազատ են գնալու համար, բայց հետ գալու՝ ոչ. Արցախից հայերին դատարկելու խնդիրն է. Մետաքսե Հակոբյան

Նմանատիպ բաները մեզ համար պետք է սպասելի լինեն և նման ցանկություն Ադրեբաջնի մոտ միշտ է եղել, 1990-ականների պատերազմից հետո առ այսօր կա այդ ցանկությունը, սակայն 2018-ից հետո նրանց տրվեց այդ հնարավորությունը, և իրենց ձեռքերը հիմա ազատ են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով 2 օր առաջ ադրբեջանցիների կողմից իրականացված հերթական սադրանքին:

«Ադրբեջանցիներն ունեն մեկ նպատակ. դետկեմբերի 12-ին հայտարարում էին, որ բնապահպանական խնդիրներով է պայմանավորված Արցախի շրջափակումը, հիմա նույնիսկ չեն էլ թաքցնում, որ օրակարգում չկա բնապահպանական որևէ հարց, այլ հաստատում են, որ «էկոակիտիվստները»  հենց քաղաքական հարցերը լուծելու համար են։ Ադրբեջանի իշխանությունների կողմից սցենարով գրված շարունակությունն է, որը իրենք իրականացնում են։ Կանանց Արցախ չթողնելուց մի քանի ժամ առաջ Բայրամովը հայտարարել էր, որ իրենք հաստատակամ են իրենց որոշման մեջ, օրակարգում այդ հարցը լուրջ է, կարևոր է, իրենք գնում են դեպի ինտեգրում և իրենք չեն շեղվելու այդ օրակարգից։ Ժամեր հետո տեղի է ունենում նման միջադեպ: Ցավոք սրտի մեր հիշողությունը կարճ է, բայց հունվար ամսին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ նորից Արցախ էին գալիս անչափահաս երեխաները և այդ «էկոակտիվիստները» նույն վայրենի գործողություններն էին արել, ինչի արդյունքում երեխաների ինքնազգացողությունը վատացել էր։ Այն ժամանակ իբրև թե խնդիրը բնապահպանական էր և շատ արագ թույլ էին տվել, որ մեքենաները անցնեն Ստեփանակերտ, որտեղ երեխաներին բուժօգնությունը էր ցույց տրվել։ Այս անգամ սա այն քաղաքականությունն էր, որի ուղղությամբ իրենք հաստատակամ գնում են»,- ասաց պատգամավորը: 

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները սկսել են այդ ինտեգրման փուլը և հաստատակամ գնում են, որին չի հակազդում ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ Արցախի իշխանությունները.  

«Այդ ամենն իրենց հնարավորություն է տալիս ավելի ազատ զգալու և անելու այն, ինչ ծրագրավորել են»:

Անդրադառնալով ադրբեջանական շտապօգնության մեքենայի՝ Ստեփանակերտ մտնելուն, պատգամավորն ասաց, որ արցախցիների մոտ ընդանրապես վախ չի եղել, նույնիսկ զայրույթ է եղել.

«Շատ քաղաքացիները ինձ տեսնելիս ասում են՝ ինչո՞ւ մեզ չէիք տեղեկացրել, մենք դուրս կգայինք, թույլ չէինք տա, եթե իշխանությունները ոչինչ չեն անում, ապա մենք կանենք դա, չէինք տա այդ հնարավորությունը, որ նրանք մտնեն Ստեփանակերտ։ Բայց մեզ համար էլ է անակնկալ եղել, իմացել ենք տելեգրամյան ալիքներից, որ նման միջադեպ է տեղի ունեցել։ Մարդկանց մեջ կա այն, որ քննարկում են իշխանություններին, որ եթե չլինեին նման իշխանություններ, ապա մենք այս իրավիճակում չէինք լինի և ադրբեջանցին հաստատ չէր կարողանա մտնել Ստեփանակերտ։ Որևէ վախ ես չեմ նկատել ոչ կանանց, ոչ էլ, հատկապես, տղամարդկանց մոտ, սակայն այդ զայրույթը, թե ինչի պիտի ունենային այդ հնարավորությունը ադրբեջանցիները՝ Արցախ մուտք գործելու, այդ նույն զայրույթը կա իշխանավորների նկատմամբ»,- նշեց նա:

Ընդդիմադիր գործիչը ասաց, որ մենք դեռ չգիտենք, թե հաջորդ անգամ ինչ են պլանավորել կամ ինչ կերպ կլինի վերաբեմունքը Արցախից գնացողների նկատմամբ. 

«Քանի դեռ իրենց չի հետաքրքրել գնացողների մասին տեղեկությունները, իրենք ուղղակի թույլ են տալիս։ Դրանով ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ մարդիկ ազատ են գնալու համար, բայց հետ գալու՝ ոչ։ Արցախից հայերին դատարկելու խնդիրն է»,- այսպես է կարծում պատգամավորը: 

Մետաքսե Հակոբյանը շեշտում է, որ վաղուց են փաստել, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, դա տեղի է ունենում ՀՀ իշխանությունների ոչ հայանպաստ քաղաքականության հետևանքով և, ոչ պակաս կարևոր, Արցախի Հանրապետության իշխանության լռությամբ. 

«Չհակադրվելով Հայաստանի իշխանությունների՝ իրականությունը չբարձրաձայնելու քաղաքականությանը, փաստացի ստեղծվում է Ադրբեջանի համար այդ թույլտվության դաշտը ու ազատում են նրա ձեռքերը։ Հետևաբար ի՞նչ կոչի մասին է խոսքը, ի՞նչ կոչ պետք է անի Արցախի իշխանությունը, նրանք լուռ սպասում են փրկչի հայտնվելուն։ Որևէ բան այդ ուղղությամբ մենք չենք տեսնում, տեսնում ենք լռություն, հարմարվողականություն, նաև այն, որ պարտված իշխանությունները համակերպված են պարտության հետ, հետևաբար քայլեր անել հաջողությունների, հաղթելու համար, իրենք ունակ չեն, չեն էլ կարողանալու, մանավանդ, երբ իրենց մոտ գիտակցումը ավելի բարձր է, որ թշնամին բավարարված չէ և պատերազմը դեռ շարունակվում է։ Հետևաբար իշխանությունները շարունակում են ավելի չնկատվող լինեն՝ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Իրենք ստեղծել են սպասողական և լավատեսական շղարշ և այդ շղարշը իրենց վրա գցած սպասում են փրկչի հայտնվելուն, որը կփրկի իրենց և մնացած բոլորին։

Իրենք չգիտեն՝ ով է լինելու այդ փրկիչը, իսկ մենք շատ լավ գիտենք, որ փրկիչ չի լինելու, մենք պետք է յուրաքանչյուրս անենք մեր անելիքը և ավելի մեծ անելիք ունեն իշխանությունները և այն իշխանությունները, որոնք պատրաստ չեն անել հանուն հայրենիքի, և իրենց սեփական շահը գերադասում են ամեն ինչից, գոնե պետք է քաջություն ունենան հեռանան՝  թույլ տալով ավելի ազգային մտածողությամբ ուժերին, որոնց գերակա շահը հայրենիքի փրկությունն է, և կան նման խենթեր, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ ծանր բեռը։ Գոնե պետք է դա թույլ տան, բայց ատամներով պահում են ու թույլ չեն տալիս»,- եզրափակեց պատգամավորը:

Լ.Ա.