կարևոր
3361 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 09:55
Հասարակություն

Պարզվում է, որ պատերազմի ժամանակ մեր ուղարկած օգնությունը գնացել է Թուրքիա․ «Հրապարակ»

Պարզվում է, որ պատերազմի ժամանակ մեր ուղարկած օգնությունը գնացել է Թուրքիա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ավստրահայ գործարար Գեւորգ Գրիգորյանը մեկն է այն բազմահազար սփյուռքահայ գործարարներից, ովքեր օգնություն էին ուղարկում Հայաստան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մասնավորապես, Գրիգորյանը 50 հազար եվրոյի օգնություն է ուղարկել Հայաստան՝ հայոց բանակին օգնություն, սակայն պնդում է, որ օգնությունն անհետացել է։ Հետեւողական աշխատանքի արդյունքում ավստրահայ գործարարն ԱԱԾ-ից մի պատասխան է կարողացել ստանալ, որ օգնությունը կա, չի կորել, բայց թե որտեղ է՝ չեն կարող ասել, քանի որ ռազմական գաղտնիք է։

Գրիգորյանը շարունակել է գնալ իր ուղարկած, ռազմական գաղտնիք ձեւակերպված ու անհետացած օգնության հետքերով։ Նրա հետ կապ է հաստատել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը՝ Ազատ անունով, ով հորդորել է Գրիգորյանին՝ չանհանգստանալ, իր օգնությունը հասել է Հայաստան, բայց նորից՝ հավելյալ ոչինչ չի կարող հայտնել՝ ռազմական գաղտնիք է։

«Մենք սկսեցինք հետաքրքրվել այլ աղբյուրներից, թե որտեղ կարող է լինել, ի վերջո, մեր ուղարկած օգնությունը՝ կռվի դաշտո՞ւմ մնաց, թե՞ ինչ-որ մեկի նկուղում, թե՞ ինչ-որ օդանավակայանում, թե՞ ինչ-որ Ռուսաստանում։ Ստացանք մի տեղեկություն, որ մեր բոլոր՝ սփյուռքի ուղարկած ապրանքները, եթե հիշում եք՝ վերջերս Թուրքիայում երկրաշարժ եղավ, ուղարկվել են Թուրքիա՝ օգնության տեսքով։ Այո, թուրքն իմ թշնամին է, քանի դեռ նա չի ընդունել  ցեղասպանությունը, քանի դեռ նա ցավ է տալիս իմ երկրին՝ իմ թշնամին է։ Այն մարդը, ով իմ հայի վրա ձեռք է բարձրացնում, ցավ է պատճառում, հայ է սպանում, նա իմ թշնամին է, ու ես չեմ վախենում այդ մասին բարձրաձայնելուց։ Պարզվում է, որ մենք սփյուռքից օգնում ենք, ու առանց մեզ հարցնելու, մեզ խաբելով՝ մեր ապրանքները, մեր օգնությունը, որ մեր ախպերները, մեր զինվորները, մեր ազգը կարող էին օգտագործել, միլիոնավոր դոլարների օգնությունը գնացել է Թուրքիա»,- ասում է Գրիգորյանը։

Ավստրահայ գործարարը հարց է բարձրացնում՝ եթե Հայաստանն այդքան միջոց ուներ եւ օգնության կարիք չուներ, ինչո՞ւ էին սփյուռքից օգնություն խնդրում, ինչո՞ւ այդ օգնությունը չի ուղղորդվել Արցախ ու մեր բանակին։ Մենք կրկին հարցրինք՝ վստա՞հ եք, որ դա ճշմարիտ տեղեկատվություն է։ Գեւորգ Գրիգորյանը պնդեց, որ իր ունեցած տեղեկատվությունը հավաստի է, թեեւ որոշ բաներ չի կարող բարձրաձայնել։

«Ես ասել եմ, միշտ ասել եմ՝ իրենք պատասխան են տալու։ Ես հանդիպում եմ բազմաթիվ սփյուռքահայ ընկերների հետ, որոնք ասում են՝ գիտենք, որ կռիվ է լինելու, բայց օգնություն էլ չենք ուղարկելու, որովհետեւ գիտենք, որ օգնությունը տեղ չի հասնելու։ Ոչ ոք չի ուզում, որ հային ուղարկած իր օգնությունը թուրքին ուղարկեն։ Սա էլ ցեղասպանության մի նոր ձեւ է, որ սփյուռքին կտրեն հայրենիքից։ Բացի այդ, կարող են մեզ վրա քրեական գործ էլ հարուցել, կարող է պարզվել, որ տեռորիստ ենք, որ փորձել ենք օգնել․․․ Իրենք (նկատի ունի՝ ՀՀ իրավապահ մարմինները) շեշտում էին, որ Արցախ ենք այդ օգնությունն ուղարկել, այն հետին մտքով, որ վաղն Արցախը հանձնեն ու մեր դեմ կարողանան քրեական գործեր հարուցել։ Այդ հետին միտքն իրենք ունեին, բայց դա իրենց մոտ չստացվեց, մենք շատ արագ արձագանքեցինք դրան, որ մենք այդ օգնությունն ուղարկել ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանատուն»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը։ «Եթե իրենք մտածում են, որ մենք մոռացել ենք մեր երկրին, մեր ախպերներին ուղարկած օգնության մասին, չարաչար սխալվում են․ ես ասել եմ՝ մինչեւ վերջ գնալու եմ, իմանալու եմ, թե որտեղ է մեր ապրանքը, ու իրենք պատասխան են տալու դրա համար»,- հայտարարեց գործարարը։

Ավստրահայ գործարարը շեշտում է, որ այս իշխանությունների հետ սփյուռքի հիմնական մասը չի ուզում գործ ունենալ, քանի որ չի վստահում։ Մեր հարցին, թե ով է դրանում մեղավոր, նա ասաց, որ ամենավերեւի օղակներից մինչեւ ամենացածր օղակը պատասխանատու են, բոլորը պետք է պատասխան տան։ Նա շեշտեց, որ Հայաստանն իրենց համար խանութ չէր՝ եկան վաճառեցին ու հիմա կարող են գնալ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Մենք կարող ենք մեր ուժը ցույց տալ, մենք գիտենք՝ ում կողքը կհավաքվենք եւ ինչ գործողություն կանենք»,- ասաց Գրիգորյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում