կարևոր
3163 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-01 14:42
Քաղաքական

Փաշինյանն իրեն կարող է երջանիկ համարել. աշխարհաքաղաքական բևեռներին տված խոստումների զգալի մասն իրագործել է. Ալեն Ղևոնդյան

Մեզ նման պետություններն ինքնիշխանության մասին մեծ-մեծ խոսել չեն կարող, եթե երկրիդ սահմանները ապահովում է այլ պետության սահմանապահ ստորաբաժանում։ Եթե արտաքին առևտուրդ՝ ամբողջ աշխարհը՝ մի կողմ, ՌԴ-ն՝ մի կողմ հարաբերակցությամբ է,  հասկանալի է՝ ինչ կաշկանդվածություն կարող ես ունենալ այդ երկրից։ Քաղաքականություն վարելու ելակետ պիտի ընդունել հենց այս իրողությունը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանը։

«Փաշինյանն իրեն կարող է երջանիկ համարել, որովհետև այն հանձնարարությունները, որով եկել է, աշխարհաքաղաքական բևեռներին տված խոստումների զգալի մասն իրագործել է՝ վերջնական արար լինելու է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը իրականում պետականության վրա գերեզմանաքար դնող փաստաթուղթ է», - նշել է նա։ 

Ալեն Ղևոնդյանի գնահատմամբ՝ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալու մի քանի հարյուր հազար ադրբեջանցու գալ Հայաստան, որոնց անվտանգությունն ապահովելու է Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը. թուրքական բանակը լեգիտիմ հիմք է ստանալու Հայաստան մտնելու։ Ըստ քաղաքագետի՝ մինչ այդ փորձելու են չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը։

«Չզարմանաք, եթե Փաշինյանը հայտարարի՝ Ռուսաստանը մեզ համար սպառնալիք է։ Հայաստանի տարածքը շատ փոքր է, որ ռազմական գործողություններով որոշվի՝ երկիրը ազդեցության որ գոտում է մնալու։ Աշխարհը կիսվում է. կոշտ կանոններ են գործելու, եթե դու չես կարողանում քո ինքնիշխանությունն ապահովել, պետք է ենթադաշնակցային հարաբերություններում հայտնվես ռեգիոնի ամենից ազդեցիկ ուժային բևեռի հետ», - ասել է Ղևոնդյանը։