կարևոր
2875 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 23:01
Քաղաքական

Հայկական դիվանագիտության թշվառությունը. Արթուր Խաչատրյան

Հայկական դիվանագիտության թշվառությունը. Արթուր Խաչատրյան

Այնպես ստացվեց, որ վերջին շաբաթներին այցելեցի նախ Մեծ Բրիտանիա, այնուհետև՝ Արգենտինա։ Հանդիպումներ ունեցա բարձրաստիճան խորհրդարանականների հետ երկու երկրներում։ Խոսեցի արցախյան հակամարտության կարգավորման մոտեցումների ու սկզբունքների մասին։ Երկու երկրում էլ խոսեցին Ֆոկլենդյան/Մալվինյան կղզիների մասին․ դա էլ իրենց տարիներ շարունակվող հակամարտությունն է։

Բրիտանացի խորհրդարանականները ներկայացրեցին Ֆոկլենդյան կղզիների շուրջ հակամարտության ծագման իրենց տարբերակը և հակամարտության կարգավորման իրենց մոտեցումը։ Արգենտինացի խորհրդարանականները տրամագծորեն հակառակ մոտեցում ունեին Մալվինյան հակամարտության հարցում և կարգավորման այլ տարբերակ էին առաջարկում։ Երկու կողմերը ներկայացնում էին իրենց փաստարկները, տարբեր միջազգային տեքստերի իրենց մեկնաբանությունները․․․

Իսկ հիմա վերադառնանք ՔՊ-ական Հայաստան ու համեմատենք ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարություններն ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների հետ։ Որևէ սկզբունքային տարբերություն չկա։ Թե՛ ՔՊ-ականները, թե՛ ադրբեջանցիներն այլևս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չեն համարում արցախյան հակամարտության կարգավորման հիմք, թե ՔՊ-ականները և թե՛ ադրբեջանցիները խոսում են բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, թե՛ ՔՊ-ականները և թե՛ ադրբեջանցիները համարում են, որ Հայաստանը չպետք է մասնակցի Արցախի ապագայի շուրջ բանակցություններին, թե ՔՊ-ականները և թե՛ ադրբեջանցիները համարում են, որ Հայաստանում կան ադրբեջանական անկլավներ, թե ՔՊ-ականները և թե ադրբեջանցիները համարում են, որ Գորիս - Կապան ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով․․․ Ուրեմն, ու՞մ շահերն է պաշտպանում ՔՊ-ական իշխանությունը։ Էլ ի՞նչ ենք ակնկալում աշխարհից, եթե հայկական դիվանագիտությունն ադրբեջանական մուղամ է նվագում․․․

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր