կարևոր
2380 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 14:33
Քաղաքական

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․երրորդ համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․երրորդ համարը

«Դրօշակի» հերթական համարը այսօրվանից համացանցի իր էջի վրա է։ Պաշտոնաթերթի մարտյան համարը ևս աչքի է ընկնում հրապարակված նյութերի բազմազանությամբ, որոնց շարքում գերիշխողը, բնականաբար, Հայաստան-Արցախն է՝ իր ներկայիս հիմնահարցերով ու տագնապներով։ Նոր համարի առաջնորդողն այս անգամ անդրադառնում է Հայաստանի իշխանությունների ներհայաստանյան գործունեությանը, իշխողների խոսքի ու գործի անհամապատասխանությանը։

Քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և Սարգիս Սարգսյանը անդրադառնում են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին վերլուծությունները բխեցնելով մասնակից և շահագրգիռ արտաքին ուժերի դիրքորոշումներից։

Արցախից լրագրող Տաթևիկ Աղաջանյանը «Դրօշակի» ընթերցողներին ներկայացնում է երեք ամսից ավելի ձգվող շրջափակման պայմաններում Արցախի գոյատևմանը, արցախցիների կյանքին ու կենցաղին։

Պատմաբան, քաղաքագետ Վահե Սարգսյանը մանրամասնորեն ներկայացնում է վերջերս Վրաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած ալեկոծումը, դրա դրդապատճառներն, արտաքին ու ներքին ազդակները։ Կարծում ենք ընթեցողը կարդալով այս նյութը, ամբողջական ու բավարար պատկերացում կկազմի տեղի ունեցածի վերաբերյալ, ինչպես նաև կհասկանա, թե դրանք և դրանց հնարավոր զարգացումները ինչ անմիջական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար։

Արևելագետներ Լիանա Պետրոսյանն ու Տիգրան Չանդոյանը ներկայացնում են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, ինչպես և բնական այս աղետի հնարավոր ազդեցությունը Թուրքիայի քաղաքական ապագա զարգացումների վրա։

Մարտ ամիսը հայ ժողովրդի համար դառնում է հիշատակելի՝ խորհրդանշական իմաստ ձեռք բերող այնպիսի իրադարձության հետ կապված ինչպիսին է 1921 թվականի մարտի 15-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության լավագույն մարտիկ վրիժառուներից մեկի՝ Սողոմոն Թեհլիրյանի ձեռքով հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից մեկի՝ Թալեաթ Փաշայի ոչնչացման գործողությունը։ Հայոց մեծ հատուցման «Նեմեսիս» ծրագրին են անդրադառնում բանասեր Մարիամ Հովսեփյանն ու պատմաբան Անի Մելքոնյանը։

Բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը հետաքրքրական վերլուծություն է ներկայացնում նախկին կանադահայ ներկայիս Հայաստանցի Մարգար Շարապխանյանի «Դարձ դէպի հայրենիք» հուշագրական բնույթի գրքի վերաբերյալ։ Էջ առ էջ անցնելով Մարգար Շարապխանյանի տպավորությունների ու ընդհանրացումների ճանապարհով հոդվածի հեղինակը բացում է դրանք, կիսում ու գրքի հեղինակի հետ կարծես շարունակում է խորհրդածել հայոց հայրենիքի, նրա ժողովրդի առօրյայի, վարքի ու մտածումների ոլորապտույտ կեռմաններով։

Ընթերցողի հետ «Դրօշակի» բարեկամ Վրեժ-Արմենի «Ընկերական զրույցի» հերթական թեման կուսակցություն երևույթն է, նրա իմաստն ու առաքելությունը։ Իր այս զրույցը սփյուռքահայ գրողը, խմագիրն ու հրապարակախոսը ավարտում է հետևյալ արձանագրմամբ․

«Հայ ազգային կուսակցութիւնները իրենց գործելակերպի ու գաղափարականի տարբերութիւններով հանդերձ՝ նոյն ազգին գերագոյն նպատակին՝ գոյապահպանման ու զարգացման կը ծառայեն։ Անոնք
մնայուն գործակիցներ են, ըլլալու են, պիտի ըլլան միշտ։ Այլապէս ոչ հայ կրնան համարուիլ, ոչ ալ՝ ազգային»։

«Դրօշակի» 2023 թվականի երրորդ համարում կան հետաքրքրական այլ հոդվածներ եւս, որոնց կարելի է ծանոթանալ մուտք գործելով ՀՅԴ պաշտոնաթերթի կայքէջ:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիվ 3, 2023թ