կարևոր
3640 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 12:02
Քաղաքական

Պետք է փոխել քաղաքական կուրսը, քանի դեռ չենք հասել անշրջելիության կետին

Մարտի 16-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա խոսել է Արցախի շուրջ ծավալվող գործընթացների և ՀՀ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին, ներկայացրել իր գնահատականները ՀՀ վարչապետի՝ վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած մի շարք հայտարարությունների ու մեկնաբանությունների:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախն Ադրբեջանի հետ ինտեգրելու մասին խոսակցություններին: Անդրադառնալով հարցին՝ Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է. «Եկեք նախ հասկանանք, որ ար այս դեպքում ինտեգրումը նշանակում է Արցախի հանձնում ադրբեջանական ինքնիշխանությանը: Դրանք հորիզոնական մակարդակի ինտեգրումներ չեն: Ադրբեջանը և Արցախը որպես բանակցող կողմեր շատ տարբեր մակարդակների վրա են: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին նույնիսկ բանակցող կողմ չի համարում, ասում են՝ հայերը Ադրբեջանի ազգային փոքրամասնություն են, և նրանց համայնքային ներկայացուցիչները թող գան բանակցելու: Նույնիսկ որպես տեղական ինքնակառավարման մարմին չեն ընդունում Արցախի իշխանություններին: Իսկ նման պայմաններում ի՞նչ ի՞նչ է տալու ակդ ինտեգրումը: Դա նշանակում է որ մի քանի ամսից հետո Արցախում այլևս հայ չի ապրելու»:

Հարցին՝ ի՞նչ ելքեր կան ստեղծված իրավիճակից, Արթուր Խաչատրյանը պատասխանել է. «Որպեսզի մենք շանս, գոնե շանս ունենանք իրավիճակը շրջելու, այս քաղաքական կուրսը պետք է փոխվի և այն քաղաքական ուժը, որ այս կուրսն է իրականացնում, պետք է գնա: Կարճաժամկետ կտրվածքով Արցախի հարցը, Արցախի կարգավիճակի կարգավորման հարցը պետք է վերադարձնել բանակցությունների օրակարգ: Միջազգային հանրությունը այս իրավիճակում դեռևս խոսում է դրա մասին: Արցախի ինքնորոշման իրավունքի մասին Եվրախորհրդարանը վերջերս երկու բանաձև ընդունեց, Ֆրանսիայի խորհրդարանն է այդ մասին խոսում, անգամ Գերմանիայի կանցլերը խոսեց ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնահերթության մասին: Բոլորն են ինքնորոշման իրավունքից խոսում, բացի Հայաստանի իշխանություններից: Ասում են՝ կաշկանդված ենք… Կրկնեմ, որ եթե այս կուրսը շարունակվի, մենք ավելի վատ վիճակներում ենք հայտնվելու: Գործող իշխանությունների ողջ հետագիծը ցույց է տալիս, որ մենք երեկ ավելի բարվոք վիճակում էինք քան այսօր: Բայց եթե կարծում եք, որ հասել ենք հատակին, այդպես էլ չէ: Մենք դեռ գահավիժելու տեղ ունենք և սրանք կտանեն այդ գահավիժմանը: Հետևաբար հնարավորինս շուտ պետք է փոխվի քաղաքական կուրսը, այսինքն այն իշխանությունը որ տանում է այդ կուրսը, քանի դեռ մենք չենք հասել անշրջելիության կետին»:

Մանրամասները՝ տեսանյութում: