կարևոր
3775 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-13 21:06
Հասարակություն

«Ապագա հայկականը» նախաձեռնությունն ամփոփում է համաժողովը

«Ապագա հայկականը» նախաձեռնությունն ամփոփում է համաժողովը

Երեւանում մարտի 10-12-ին առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը մեկ դահլիճում էր համախմբել աշխարհասփյուռ հայության մանրակերտը: Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ եւ ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական եւ բնակության վայրի ցուցանիշներով: Ցավոք, Արցախում տիրող ճգնաժամի պատճառող ընտրված որոշ մասնակիցներ հնարավորություն չունեցան մասնակցելու առկա ձեւաչափով:

Համաժողովին քննարկվեցին «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» եւ «Բնակչության աճ»: Մասնակիցների քննարկմանը դրված սցենարների եւ ծրագրերի վրա հինգ ամիս շարունակ աշխատել են հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մեկնարկը տրվեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի եւ տեսակապի միջոցով միացած Ռուբեն Վարդանյանի ելույթներով: Հաջորդիվ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական ուղերձը:

Առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Պատմական պատասխանատվություն» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Երրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Բնակչության աճ» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Մասնակիցները երկրորդ օրը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր այցով՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին:

Համաժողովը ավարտվեց փակման պաշտոնական արարողությունով, որին ելույթով հանդես եկան ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը եւ Ռիչարդ Ազարնիան: Ելույթները եզրափակեց Ապագա հայկականը զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ կարեւորելով յուրաքանչյուր հայրենակցի ակտիվ մասնակցությունը նախաձեռնության հետագա անելիքներում:

Համաժողովի յուրաքանչյուր օր ավարտվում էր քաղաքականության առաջարկների եւ նախաձեռնությունների առաջնահերթությունների քվեարկություններով: Դրանք համակարգվում էին մասնակիցների կողմից ինքնաառաջադրման սկզբունքով ընտրված Հաշվիչ/վերահսկիչ հանձնախմբի կողմից: Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով`

Հատկապես ուշագրավ էին Արցախի համահայկական պատասխանատվության (Օր 1), Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական օրակարգին (Օր 2),  ներգաղթի կազմակերպման քաղաքականությանը (Օր 3), ինչպես նաեւ նախաձեռնությունների առաջնահերթությունների վերաբերող քվեարկությունների արդյունքները:

Քննարկումների երեք օրերի ընթացքում Համաժողովի մասնակիցները հանդես են եկել արձանագրված 2 000-ից ավել դիտարկումներով եւ մտահոգություններով, առաջ քաշեցին տասնյակ հանրային նախաձեռնություններով, որոնք ծրագրային առաջարկի տեսք ունեն եւ իրենց քվեարկությամբ սահմանեցին դրանց իրականացման առաջնահերթությունները  

Այսպիսով, «Ապագա հայկականը» ձեւավորել էր մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ ուսումնասիրեցին, քննարկեցին եւ ընտրեցին փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: