կարևոր
4897 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-05 17:15
Հասարակություն

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը ոստիկանության մեքենայի վրա. Արցախի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը ոստիկանության մեքենայի վրա. Արցախի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել դիվերսիոն հարձակումից եւ հայտարարել, որ սրանով ապացուցվում է, որ զենքի տեղափոխություն չի տեղի ունեցել, ինչպես կեղծ տեղեկություններ է տարածում ադրբեջանական կողմը:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը՝ Ստեփանակերտից հերթափոխի ուղևորված ոստիկանական մեքենայի անձնակազմի վրա փորձելով հիմնավորել կեղծ և սուտ այն թեզով, թե իբր ՀՀ-ից Արցախ զենքի տեղափոխում է կանխել։  

Ներկայացնում ենք ադրբեջանական հարձակման տեսանյութը արդեն 84 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի ոստիկանության անձնակազմի վրա, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր`Շուշիի շրջան) և անառարկելիորեն ապացուցում է ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդման կեղծ լինելը:

Նախ, մեքենայում ոչ մի զենք չկար՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Երկրորդ, չէր էլ կարող զենքի տեղափոխություն իրականացվել, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր:

Տեսանյութում հստակորեն երևում է նաև ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում»:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: