կարևոր
3682 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 17:42
Հասարակություն

Մզկիթի վերածված Այնթափի հայկական եկեղեցին փլվել է ոչ թե երկրաշարժի, այլ՝ թուրքերի կողմից սխալ վերականգնման հետևանքով

Այնթափի խորհրդանիշերից մեկը համարվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը մզկիթի էր վերածվել, փլվել է ոչ թե երկրաշարժի, այլ՝ սխալ վերականգնման հետևանքով։ Ըստ Akunq.net-ի՝ թուրքական «Դուվար» օրաթերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել հայտնի պատմաբան Մուրադ Ուչաները։

«Քուրթուլուշ» մզկիթ անվամբ հայտնի հայկական Սուրբ Աստվածածին վանքը էապես տուժել է Մարաշի երկրաշարժից։ Եկեղեցին կառուցվել է 1894-ին։ Նույն տարում էլ այն բացվել է կրոնական արարողությունների համար։ մինչև Հայոց ցեղասպանության տարեթիվը՝ 1915 թ․, գործած սույն եկեղեցին հետագա տարիներին՝ 1915-1919 թթ․ օսմանյան իշխանությունների կողմից օտգագործվել է որպես ռազմական պահեստ, իսկ Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո վերաբացվել է որպես եկեղեցի։ Սակայն քեմալականների՝ իշխանության գալուց հետո, 1922 թ․այն վերածվել է բանտի և մինչև 1985 թ․ կալանատուն եղել։ 1985 թ․ եկեղեցին դարձել է մզկիթ, և եկեղեցական կառույցին 2 մինարե են հավելել։ Այդ տարեթվից մինչ օրս այս հայկական եկեղեցին մզկիթ է ծառայել տեղի մուսուլման բնակիչների համար։

Այս տարվա փետրվարի 6-ին գրանցված ուժգին երկրաշարժերից առավելապես տուժած կառույցներից մեկն էլ այս եկեղեցին է։ Այդ փլուզումը մեկնաբանած թուրք պատմաբան Մուրադ Ուչաների կարծիքով՝ եկեղեցին քանդվել է մզկիթի վերածվելիս սխալ ռեստավրացիայի ենթարկված լինելու պատճառով։ Մուրադ Ուչաները նաև հույս է հայտնել, որ քաղաքում բնակվող մուսուլմաններին հայկական եկեղեցին վերակառուցելու հարցում կօգնեն նաև այնթափցի հայերը։

Հիշեցնենք, որ Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման մասին պատմում են նաև հետևյալը․ Պարսկաստանից Բալի անունով մեկը Երուսաղեմ ուխտի գնալիս անցնում է Այնթապով և երբ տեսնում է, որ այստեղ հայերը կրոնական արարողությունները քարանձավներում են կատարում, վշտանում է, Երուսաղեմ ուխտի գնալուց հրաժարվելով` որոշում է եկեղեցի կառուցել: Անմիջապես հավաքում է Այնթապում ապրող հայերին և որոշում կայացնում: Այդ ընթացքում ստանում է նաև օսմանյան սուլթանից անհրաժեշտ թույլտվություն:  Պալատական ճարտարապետ Սարգիս Բալյանի նախագծով եկեղեցին կառուցում է քարտաշ Սարգիս Թաշչյանը: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է 1100 քմ մակերեսի վրա և ունի 30 մ բարձրություն:

Նշենք, որ հայերենին տիրապետող թուրք ուսումնասիրող Մուրադ Ուչաները հայտնի է հատկապես Այնթափին վերաբերող իր ուսումնասիրություններով և թարգմանած գրքերով։ Մասնավորապես Ուչաները թարգմանել է հետևյալ երեք գրքերը. «Այնթափի գոյամարտը», Այնթափում ՀՅԴ կուսակցության կոմիտեի պատմությունը ներկայացնող մի գիրք, ինչպես նաև` «100 ժամ Այնթափում» պատմվածքը: 

https://www.gazeteduvar.com.tr/antepin-simgesi-depremden-degil-yanlis-restorasyondan-coktu-haber-1604826

Մելինե Անումյան

Akunq.net