կարևոր
2218 դիտում, 3 ամիս առաջ - 2023-02-14 16:46
Քաղաքական

ՆԳՆ-ի ստեղծումից հետո 2 փոխոստիկանապետ է դուրս եկել ոստիկանությունից

ՆԳՆ-ի ստեղծումից հետո 2 փոխոստիկանապետ է դուրս եկել ոստիկանությունից

Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո ոստիկանությունում բազմաթիվ հաստիքներ են կրճատվել։ 

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանից MediaHub-ը տեղեկացավ, որ կենսաթոշակի են անցել նախկին ոստիկանապետ, այժմ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Վարդան Մովսիսյանը։

«Արթուր Մարտիրոսյանը արհասարակ դուրս է եկել ոստիկանությունից, իսկ Վարդան Մովսիսյանը, կարծում եմ, որպես խորհրդական միգուցե վերադառնա»,-ասաց Արա Ֆիդանյանը։

Ի դեպ, Ֆիդանյանը Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից, նա էլ էր մինչ այդ փոխոստիկանապետ։ 

Գնդապետ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել էր 2019թ․-ի նոյեմբերին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Մարտիրոսյանը մինչ այդ՝ 2018-2019 թվականներին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալն էր եւ 2019 թվականի օգոստոսի 27-ից կատարում է գլխավոր վարչության պետի պարտականությունները։ 

Գնդապետ Վարդան Մովսիսյանը փոխոստիկանապետ նշանակվել էր 2018թ․-ի հունիսին։ Նա 2000թ․-ից զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի պաշտոնը։
Փաստացի այս պահին ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ունի մեկ տեղակալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ 

Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը կառուցվածքային առումով դեռեւս ամբողջապես ձեւավորված չէ, իսկ սա նշանակում է, որ ոստիկանությունում առաջիկայում կլինեն այլ հաստիքների կրճատումներ եւս։ Օպտիմալացումներ ու կրճատումներ կլինեն նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներում։ Մոտ 3 ամիս անց որպես առանձին նախարարություն ԱԻՆ-ը այլեւս չի գործի։