կարևոր
3496 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 22:02
Քաղաքական

Հայաստանն օգնություն է ցուցաբերում 120 հազար հայերի շրջափակման պատվիրատու դարձած երկրին․ Թեւանյան

Հայաստանն օգնություն է ցուցաբերում 120 հազար հայերի շրջափակման պատվիրատու դարձած երկրին․ Թեւանյան

Կարելի էր ուղղակի ցավակցել Թուրքիային։ Այս մասին փետրվարի 8-ին կառավարության ժամի ընթացքում ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ մեկնաբանելով հայ հասարակության արձագանքը Թուրքիային օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Նա, մասնավորապես, մի քանի հռետորական հարց ուղղեց։

«Թիվ մեկ հարցը։ Ինչո՞ւ մեկ այլ նմանատիպ իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման պատրաստվածություն եւ օպերատիվություն չցուցաբերեց։ Երկրորդ հերթին, ի՞նչ վարքագիծ է դրսեւորում Թուրքիան Հայաստանի նկատմամբ, եւ դրանից ելնելով՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի համաչափ պատասխանը»,-ասաց նա։

Նա հիշեցրեց, որ բարեկամ Իրանում օրերս եւս երկրաշարժ է տեղի ունեցել։ Սակայն պաշտոնական Երեւանը՝  ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դրան ոչ մի կերպ չարձագանքեց։

«Նա օգնություն տրամադրելու պատրաստակամություն չհայտնեց։ Եվ դա այն դեպքում, երբ Իրանը դարձավ Հայաստանի Սյունիքի մարզի գոյության փաստացի երաշխավորը։ Իրանում հայտարարել են, որ թույլ չեն տա տարածաշրջանային քարտեզի փոփոխություն։ Թեհրանն առանցքային քայլեր է ձեռնարկում Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում։ Համենայնդեպս՝ Սյունիքի նկատմամբ»,-նկատեց Թեւանյանը։  

«Ինչպե՞ս ստացվեց, որ թշնամական Թուրքիայի նկատմամբ այդքան արագ արձագանք եղավ, իսկ բարեկամ Իրանի նկատմամբ՝ ոչ»,-տարակուսում է պատգամավորը։

Նրա խոսքով՝ այդ ընթացքում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան նաեւ դաշնակից Ռուսաստանում, սակայն Հայաստանն այստեղ էլ իրեն ոչ մի կերպ չդրսեւորեց։

«Հիմնավոր կասկածներ կան, որ եթե Սիրիայում երկրաշարժը տեղի ունենար այլ պահի, ապա նրա հետ կվարվեին ճիշտ այնպես, ինչպես Իրանի հետ»,-հավելեց պատգամավորը։

Թեւանյանը նշեց, որ Հայաստանն ըստ էության օգնություն է ցուցաբերում 120 հազար հայերի շրջափակման պատվիրատու դարձած երկրին։