կարևոր
6778 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 18:25
Տնտեսական

Բևեռացվածության խորացումը կլանում է ամբողջ տնտեսական ակտիվության արդյունքը. տնտեսագետ

Բևեռացվածության խորացումը կլանում է ամբողջ տնտեսական ակտիվության արդյունքը. տնտեսագետ

Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփել է 14.2 տոկոս աճով: Ըստ վիճակագրական կոմիտեի 2022-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշների՝ 12 ամսում բարձր աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում:

Նկատենք, սակայն, փորձագիտական տարբեր շրջանակներ արձանագրում են, որ, օրինակ, բարձր տնտեսական աճի պայմաններում ՀՀ աշխատող բնակչության զգալի մասի կենսամակարդակն էապես նվազել է:

Իսկ թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն զգում այս աճը, 168.am-ը հետաքրքրվել է ԱԺ պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից:

«Մի բան է եկամուտների հավաքագրումը, և մեկ այլ բան՝ ծախսային քաղաքականությունը: Այսինքն՝ այս հակասոցիալական բնույթ ունեցող ծախսային քաղաքականությունը բերել է նրան, որ առաջանցիկ աճել են շատ փոքր թվով մարդկանց եկամուտները, շահույթները, իսկ աշխատող աղքատների, կենսաթոշակառուների, աղքատ բնակչության եկամուտները սոցիալական ծրագրերով կամ չեն աճել, կամ շատ նվազ չափով են աճել այս ընթացքում: Իսկ առաջանցիկ գնաճն առավել վատթարացրել է այդ մարդկանց կյանքի որակը:

Մենք, այնուամենայնիվ, բարձր տնտեսական ակտիվության հետ ունեցել ենք նաև բարձր գնաճ, իսկ դրան ոչ համարժեք՝ ավելացել են անապահով խավերի եկամուտները»,- ի պատասխան՝ մանրամասնեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանը նաև ուշադրություն հրավիրեց հանրության մեջ խորացող բևեռացման վրա:

«Իրականում որոշ ոլորտներում՝ օրինակ, ֆինանսական, բանկային համակարգում մի քանի անգամ աճել են շահույթները, այնտեղ, որտեղ պետական գնումներով են զբաղված այս իշխանությունների շրջանակի տնտեսվարողները, պատիկներով իրենց շահույթներն են ավելացնում. բնական է, որ այդ բևեռացվածության խորացումը կլանում է ամբողջ տնտեսական ակտիվության արդյունքը և փաստացի չի բերում նաև սոցիալական խնդիրների լուծման»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական աճն ապահոված գործոններին՝ նա շեշտեց, որ 14 տոկոս տնտեսական ակտիվության 10 տոկոսը և ավելին այն ոլորտներում է, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմի իրավիճակով պայմանավորված տնտեսական արդյունքները:

«Այսինքն՝ այստեղ շատ չնչին մասն է, որ պայմանավորված է եղել մեր երկրի տնտեսական ներուժով, մնացածն արտաքին գործոնի ազդեցությունն է իրականում»,- հավելեց Թադևոս Ավետիսյանը:

ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2022թ. դեկտեմբերին. արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է՝ 68.6 տոկոս, արտահանումն աճել է՝ 77.7, իսկ ներմուծումը՝ 63. 5 տոկոսով:

Ծառայությունների ծավալն աճել է 28.2 տոկոսով, շինարարությանը՝ 12.5, առևտրի շրջանառությունը՝ 17, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 7.8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 16.1, իսկ գյուղատնտեսությունը՝ 0.4 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձն աճել է 15.5 տոկոսով՝ կազմելով 235 հազար 576 դրամ, ընդ որում՝ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 4.3, իսկ մասնավորում՝ 19 տոկոս: Սպառողական գնաճը տարվա կտրվածքով կազմել է՝ 8.6, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.6 տոկոս:

Աղբյուրը՝  168.am