կարևոր
4393 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 16:13
Քաղաքական

Իշխանության համար անցանկալի են այն հայերը, ովքեր չեն հանդուրժում նրանց ազգադավ, ազգակործան քաղաքականությունն ու գործունեությունը․ Արթուր Խաչատրյան

Իշխանության համար անցանկալի են այն հայերը, ովքեր չեն հանդուրժում նրանց ազգադավ, ազգակործան քաղաքականությունն ու գործունեությունը․ Արթուր Խաչատրյան

Այս իշխանության համար անցանկալի են այն հայերը, ովքեր չեն հանդուրժում այս իշխանության ազգադավ, ազգակործան քաղաքականությունը և գործունեությունը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի` ՀՀ մուտքը արգելափակելուն։

«Եթե նկատել եք, սա արդեն մեր երկրորդ հայրենակիցն է, ով բնակվում է Ֆրանսիայում, ում մուտքը արգելվել է, և ևս երկու հոգու մուտքն է արգելվել, ովքեր բնակվում էին Նիդերլանդներում։ Մասնավորապես Ֆրանսիայի պարագայում, երբ մենք ունենք ամենամեծ և ամենաազդեցիկ համայնքը Եվրոպայում,  այս իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք համաձայն չեն այն պրոհայկական, պրոարցախյան, պրոհայաստանյան գործունեության հետ, որը ծավալում են մեր կուսակիցները Սփյուռքում։  Մուրադ Փափազյանը ՀՅԴ բյուրոյի անդամ է, երկուսն էլ ՀՅԴ պայքարի առաջամարտիկներն են։ Պայքարում են հայերի, հայ ժողովրդի, հայոց պետականության համար ,բայց նման մարդիկ այս իշխանություններին պետք չեն»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանությունը հասկանում է, որ ամենամեծ և կազմակերպված ընդդիմադիր կուսակցությունը, որ կա Հայաստանում  և համայն աշխարհում՝  ՀՅԴ-ն է, և պատահական չէ, որ իշխանություններն իրենց ռեպրեսիվ գործիքակազմը ուղղել են հենց Դաշնակցության դեմ, թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանի ներսում․                                           

«Իշխանությունը դրանով փորձում է Սփյուռքը պառակտել։ Հայաստան-Սփյուռք համաժողով կազմակերպեցին, որտեղ Սփյուռքի ինստիտուցիոնալ լուրջ կառույցներից որևէ մասնակից չկար։ Փորձում են Սփյուռքում ինչ-որ կազմակերպություններ ստեղծել, որոնք կվարկաբեկեն կայացած կառույցները։ Իհարկե, հասկանում են, որ իրենց քաղաքականությունը Սփյուռքում շատ չի ողջունվում և փորձում են Սփյուռքում ազդեցիկ կազմակերպությունների դեմ պայքարել, որոնք Արցախի անկախության պաշտպաններն են»,- ավելացրեց պատգամավորը։

Խաչատրյանի կարծիքով, եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, ապա տեսանելի ապագայում մենք չենք ունենա անկախ Հայաստան, ինքնիշխան Հայաստան, չենք ունենա Արցախի Հանրապետություն, չենք ունենա ուժեղ, ամուր կայացած Սփյուռք և հայ ժողովուրդը կարող է կորցնել իր պետականությունը։