կարևոր
3043 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 12:40
Քաղաքական

«Գումարը խնայվել է, իսկ աշխատանք չի իրականացվել. մենք պետք է փորձենք կարգավորել հենց ռազմաքաղաքական բալանսը». «Փաստ»

«Գումարը խնայվել է, իսկ աշխատանք չի իրականացվել. մենք պետք է փորձենք կարգավորել հենց ռազմաքաղաքական բալանսը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

2022 թվականի ՀՀ ռազմական բյուջեն կազմել է մոտ 361 մլրդ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության, այդ գումարից 198 մլրդ դրամը չի ծախսվել: Եթե իշխանության ներկայացուցիչներն ինչ-որ իմաստով հպարտանում են, որ նման գումար է տնտեսվել, իրականում հպարտանալու բան չկա: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով ԶՈւ-ում առկա առավել ակնհայտ դարձած խնդիրներին:

«Վերոնշյալը փաստացի նշանակում է, որ պլանավորված ծախսերը չեն իրականացվել: Այսինքն, եթե, պայմանական ասենք, պլանավորվել է բարեկարգել զինվորների կենցաղային առնվազն նվազագույն պայմանները, ինչն առաջնային խնդիրների շարքում պետք է դիտարկել, ապա փաստացի ստացվում է, որ գումարը խնայվել է, իսկ գործը չի իրականացվել: Մենք վերջին ողբերգական դեպքի կադրերին ականատես եղանք: 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի վայրը՝ այդ շինությունը, մեղմ ասած, զորանոց անվանել չի կարելի: Երբ անվտանգությունը բարձրացնելու համար նման ուղղություններով ծախսեր չեն իրականացվում, երբ մինիմալ խնդիրը չի լուծվում, ո՞ւմ է պետք տնտեսելը, ո՞ւմ են պետք գումարները»,-ասաց Վ. Մանգասարյանը:

Խնդիրը դիտարկելով 2018-ից տարվող քաղաքականության համատեքստում, խոսելով անվտանգությունը բարձրացնելու անհրաժեշտությունից, զուգահեռ՝ անընդունելի քարոզչական թեզերից՝ մեր զրուցակիցը նկատեց. «Շատ տրամաբանական է, որ քարոզչական այդ թեզերը գեներացվում են իշխանությունների կողմից: Մասնավորապես, պարբերաբար տարբեր ներկայացուցիչներ տարբեր առիթներով հայտարարում են, թե «մենք 80 միլիոնանոց թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ չենք կարող պայքարել, որ ռազմական բալանսը խախտվել է, որ այդ իմաստով լուրջ խնդիրներ ունենք»:

Շատ ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հարցադրումներ են հնչեցնում, թե այդ դեպքում ինչ կարելի է անել: Ուզում եմ նշել, որ եթե մենք ռազմական բալանսի առումով դիտարկում ենք միայն ՀՀ և թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավորությունները, ապա բնական է՝ այդ բալասը վաղուց է խախտվել է: Մինչդեռ այդ հարաբերությունների մեջ մենք պետք է դիտարկենք ոչ թե ռազմական, այլ ռազմաքաղաքական բաղադրիչը: Ռազմաքաղաքական բալանսը ենթադրում է նորմալ հարաբերություններ դաշնակիցների հետ, ենթադրում է նոր հարաբերություններ, նորմալ հարաբերություններ այն պետությունների հետ, որոնց շահերն այս փուլում առնվազն մեր շահերի հետ համընկնում են: Այս դեպքում խոսքը մասնավորապես Իրանի մասին է:Ընդհանուր առմամբ, մենք պետք է փորձենք կարգավորել հենց ռազմաքաղաքական բալանսը»:

Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում անդրադարձանք Հայաստանում «Եվրոպական միության առաքելություն» հիմնելու որոշմանը, որը 2 տարվա մանդատ է ունենալու: «Այդ առաքելությանն օբյեկտիվ գնահատական տալու համար նախևառաջ պետք է ծանոթանանք նախորդ առաքելության զեկույցներին, որոնք մինչ այս հրապարակված չեն: Օրինակ՝ արձանագրվե՞լ են արդյոք ադրբեջանական կողմի խախտումները, և, ընդհանուր առմամբ, ի՞նչ եզրահանգման է եկել այդ առաքելության ղեկավարությունը: Այս հարցը պետք է դիտարկենք նաև այն համատեքստում, թե ինչպես կվերաբերվեն այս ամենին մեր բարեկամ երկրները: Առնվազն իրենց հետ էլ պետք է աշխատել, որ, այսպես ասած, սուր անկյունները փորձենք հարթեցնել: Այս դեպքում ևս խոսքն առաջին հերթին տարածաշրջանում մեծ դերակատարություն ունեցող Իրանի մասին է, որի հետ մեր շահերը տարբեր հարթություններում խաչվում են: Մենք առնվազն պետք է փորձենք բացատրել, թե որքանով է այդ առաքելության ներկայությունը բխում մեր շահերից: Այս փուլում դժվար է միանշանակ գնահատել, թե արդյո՞ք այս ամենը բխում է ՀՀ շահերից ու չի վնասում մեր բարեկամ երկրների հետ հարաբերություններին»,- ասաց փորձագետը:

Նրա կարծիքով, եթե նախորդ դիտորդների կողմից իրականացված աշխատանքներում վերջին 2 ամսում մեզ համար դրական ազդեցություն, առաջընթաց կա, գուցե տրամաբանական կլինի ներկայությունը երկարաձգելը, տարբեր լծակներ տրամադրելը. «Բայց եթե օգուտ, դրական ոչինչ չի տվել այդ առաքելությունը, ապա այս ֆոնին չեմ կարծում, որ մեր բարեկամ երկրների՝ Իրանի և ՌԴ-ի հետ առնվազն հարաբերություններ սրելը բխում է մեր շահերից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում