կարևոր
4288 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-25 15:45
Տարածաշրջան

Բաքուն պահանջում է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը

Բաքուն պահանջում է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը

Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման աղետից խուսափելու համար, իսկ ռադիոակտիվ թափոնները պետք է վերցվեն միջազգային խիստ վերահսկողության տակ. ասել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան։

Նշենք, որ Հայաստանում գործող միակ ատոմակայանը գործում է 1977 թվականից և ապահովում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի 45%-ը։ Երևանը Ռոսատոմի օգնությամբ երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ավարտել է 2021 թվականին և մտադիր է երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը, ինչպես նաև աստիճանաբար ներդնել նոր էներգաբլոկներ։

Մեծամորի ատոմակայանի փակման մասին խոսում են նաև հարևան Թուրքիայի պատգամավորները և այլ քաղաքական գործիչներ` նշելով, որ իբր Իգդիրի շրջանի բնակչության կյանքի վրա ազդեցություն է թողնում, սակայն BBC-ի թուրքական ծառայությունը ամիսներ առաջ ռեպորտաժ էր հրապարակել, որն ապացուցում է, որ Մեծամորի ատոմակայանի արտանետումները որևէ վնաս չեն հասցնում մի քանի կիլոմետր հեռու գտնվող թուրքական շրջաններին:

Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար մեղադրում է հայերին` էկոլոգիական աղետ ստեղծելու մեջ, բայց, ի հեճուկս ադրբեջանական պսեվդոէկոլոգների վայնասուններին, այսօր տեղեկություն է տարածվել, որ Բաքվի Սաբունչու թաղամասի բնակիչները թունավորումներ են ստանում աղբից և մազութից: Ադրբեջանցի լրագրողներից մեկը դեպքի վայրից ռեպորտաժ է պատրաստել «Սաբունչուի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով, որտեղ նշում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել։ Մոտակայքում գտնվում է չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակ, որտեղ բնակիչները աղբ ու կենցաղային թափոններ են թափում: