կարևոր
3088 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 19:43
Քաղաքական

Ինչպես են բանակը նսեմացնում, կամ՝ 2-րդ ԲԿ նորանշանակ հրամանատարի առաջին փորձությունը. 168.am

Ինչպես են բանակը նսեմացնում, կամ՝ 2-րդ ԲԿ նորանշանակ հրամանատարի առաջին փորձությունը. 168.am

168.am-ը գրում է․ Կիրակի օրը՝ հունվարի 22-ին, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ, այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում:

Տարածված լուսանկարներից երևում է, թե ինչպես է 2-րդ բանակային կորպուսի նորանշանակ հրամանատար Գարեգին Պողոսյանը, որը նաև ՀՀ ազգային հերոս է, պատվի առնում ոչ զինվորական, իշխանական պատգամավորին: Հետաքրքիր է՝ արդյո՞ք ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին է ՀՀ ազգային հերոսը նույնկերպ ընդունելու…

Բանակի՝ քաղաքականացմանը մշտապես դեմ արտահայտվող Անդրանիկ Քոչարյանը սրանում քաղաքականացման տարրեր չի՞ տեսնում, երբ ՀՀ ազգային հերոս կորպուսի հրամանատարը՝ կոչումով գնդապետ, իրեն ձգված պատվի է առնում:

Ի դեպ, ՀՀ ԶՈւ ներքին ծառայության մասին կանոնագիրք-օրենքի 62-րդ հոդվածը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալների զորամաս ժամանման դեպքում զորամասի հրամանատարը դիմավորում, զեկույց է տալիս և ուղեկցում է այդ անձանց, իսկ հրավերով ժամանած Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակիցներին, զինված ուժերի վետերաններին, գիտության, մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչներին, Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների, արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների և այլ պատվավոր անձանց զորամասի հրամանատարը դիմավորում է և ներկայանում առանց զեկույց տալու»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում է հրդեհը բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 15 զինծառայող, վիրավորների թիվը 3 է:

Դեպքին հաջորդեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանի պաշտոնանկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ ՊՆ հրամանով էլ ազատվեցին նաև զորամիավորման այլ պատասխանատուներ, նրանց տեղը դեռ թափուր է:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիք գնաց միայն հունվարի 21-ին, դրանից մեկ օր հետո, ինչպես արդեն հայտնեցինք, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չայցելել:

Ինչ վերաբերում է պատվի առնել-չառնելու կամ զեկույց տալ-չտալու հարցին, ապա առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս առումով կանոններ են խախտվում: Էլ չասենք, որ հրամանատարներն օրենքով սահմանված կարգով Նիկոլ Փաշինյանին պատվի են առնում, իսկ նա այդ ժամանակ հանկարծ որոշում է հագուստը կարգի բերել, սա՝ լավագույն դեպքում: Նման «մանրուքներն» են ցույց տալիս բանակի հանդեպ իրական վերաբերմունքը, կամ ամեն ինչ սկսվում է հենց նման մանրուքներից և տանում հանգեցնում է բանակի լիակատար վարկաբեկման: Իսկ նման երևույթների դեմ առաջին պայքարողը հենց հրամանատարությունը պիտի լինի…