|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2023թ․ հունվարի 19-ին Եվրոպական Խորհրդարանն իր լիագումար նիստում ընդունել է «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձև, որով խորհրդարանն արձանագրել է շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար հետևանքները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
Եվրոպական Խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։ Բանաձևով քննադատվել է ադրբեջանական իշխանությունների հայության նկատմամբ խտրական հռետորաբանությունը, ինչպես նաև կարևորվել է առանց նախապայմանների և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա բանակցությունների վերսկսումը։
Եվրոպական Խորհրդարանը նաև կարևորում է Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքն ու տեղում հումանիտար առաքելությունների իրականացումը, ինչպես նաև կոչ է անում Եվրոպական Միության ղեկավարությանը ակտիվորեն ներգրավված լինել բանակցություններում և ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս չհանդիսանան Բաքվի գործողությունների պատանդը։
Անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից հիշյալ բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կհանգեցնի Եվրոպական Միության գործադիր մարմինների վրա ճնշման, որպեսզի վերջիններս իրենց հերթին ճնշեն Ադրբեջանին՝ վերջ տալու իր վարած էթնիկ զտման քաղաքականությանը և վերադառնալու խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարարար սկզբունքների հիման վրա։