կարևոր
4102 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-14 12:00
Քաղաքական

Արդյոք քաղաքական նույն պարանոյան է գլուխ բարձրացնում․ Կարեն Խանլարյան

Արդյոք քաղաքական նույն պարանոյան է գլուխ բարձրացնում․ Կարեն Խանլարյան

Վերջին օրերին ՀՀ իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ ի գործ դրվեցին ՀՅ Դաշնակցության դեմ։ Անկախ շրջանառվող պատճառաբանություններից, թվում է, թե հակադաշնակցական այս նոր ալիքը, տրամաբանորեն առնչակից է Բերձորի միջանցքի շրջափակմանը և Արցախի հայությանը բռնագաղթի և ցեղասպանության ենթարկելու ծրագրին։

ՀՀ իշխանությունները 1990-ականներին էլ տառապում էին հակադաշնակցական մոլուցքով, որը պաշտոնապես երևան եկաւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին «persona non grata» կարգելու որոշման մասին ԼՏ Պետրոսյանի հայտնի հեռուստաելույթի մեջ․

«Իրականում,- ասում է Լևոն Տեր Պետրոսյանը,- ոչ թէ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են որոշում կայացնում․․․ ոչ թէ Գյորգի Պետրոսյանն է հրաժարվում Հռոմի հանդիպմանը մասնակցելուց, այլ այն կուսակցութիւնը, որը ներկայացնում է Գյորգի Պետրոսյանը և Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի պատգամավորներից 25 հոգին։ Դա Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, ավելի շուտ ոչ թէ կուսակցությունն է, այլ Բյուրոն՝ Հրայր Մարուխյանի գլխավորությամբ։ Եվ փաստորեն Հրայր Մարուխյանն է և Հայ Յեղափոխական Դաշնակցության Աթենքի Բյուրոն, որը հայ ժողովրդին ակամա ներքաշում է լայնածավալ պատերազմի մեջ»։

(Դրօշակ, ՀՅԴ պաշտօնաթերթ, Աթէնք, Յաւելուած, 1992 հոկտեմբերի 7-21, էջ 35)

Քաղաքական սույն պարանոյան, ընդամենը նախերգանք էր։ Դեպքերի հաջորդականությունը ծանօթ է հանրությանը․ նախ ՀՀ-ից արտաքսվեց Հրայր Մարուխյանը, 1992թ․ յունիսի 29-ին, ապա արգելափակվեց ՀՅԴ-ն 1994թ․ դեկտեմբերին և սկսվեց դաշնակցականների ձերբակալության լայնածավալ գործողությունը։

Եվ հիմա․ մի քանի ամիս առաջ քանի դաշնակցականների, այդ թվում ՀՅԴ Բյուրոյի անդամ՝ Մուրադ Փափազյանի մուտքը արգելվեց Հայաստան, հիմա էլ դաշնակցականների, այդ թվում ՀՅԴ գերագույն Մարմնի նախագահ՝ Սիմոն Սիմոնյանի նկատմամբ հալածանքներ են տեղի ունենում․․․ Արդյո՞ք սրանք նոր նախերգանք են։

Մյուս կողմից, Բերձորի շրջափակմանը և ՀՀ իշխանությունների տատամսկոտ ու անորոշ կեցվածքներին ի տես՝ Արցախի Հանրապետության բարձրաստիճան դեմքերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ պայքարելու կոչեր են հնչեցնում, որոնք, ինչ խոսք, խանգարելու են թուրք-«ադրբեջանական» հաշվարկները։

Արդյո՞ք ՀՀ իշխանությունները որոշակի կապեր են որոնում այս բոլորի միջև․․․ Ամենայնդեպս փաստերը վկայում են քաղաքական միևնույն ազգավնաս պարանոյայի ցավալի առկայության մասին․․․

Խիստ այժմեական է հենց Հրայր Մարուխյանի պատասխանը, այն օրերին․

«․․․ Ինչ կը վերաբերի պատերազմի «սարսափին», զոր տեւաբար կը փորձեն մեր ժողովուրդի գլխուն մղձաւանջի վերածել,- ասում է անմահանուն ռահվիրան,- մեր ժողովուրդը պէտք է աչքերը լայն բանայ՝ տեսնելու համար, որ Սումգայիթով եւ այլ վայրագութիւններով, ադրբեջանցիներն, իրենց փան-թուրանական հեռանկարներով, արդէն սկսած են այդ պատերազմը։ Իսկ մենք պատերազմէն խուսափելու ինքնախաբէութեամբ, հայրենաբնակ մեր ժողովուրդին կը շարունակենք՝ օրօրել «խաղաղութեան» պատրանքներով:

Կ’ՈՒԶԵՆՔ ՀԱՒԿԻԹ ՈՒՏԵԼ` ԱՌԱՆՑ ՀԱՒԿԻԹԸ ԿՈՏՐԵԼՈՒ․.․ ԱՆԴԻՆ ՄԵՐ «ԽԱՂԱՂԱՍԷՐ» ԴՐԱՑԻՆԵՐԸ ԱՄԷՆ ՕՐ ՔԻՉ ՄԸ ԱՒԵԼԻ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻՆ, ԱՄԷՆ ՕՐ ՔԻՉ ՄԸ ԱՒԵԼԻ ԿԸ ՀԱՐՈՒԱԾԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱՆՑՈՒՄՆԵՐ Կ’ԸՆԵՆ, ԻՍԿ ԱՐՑԱԽԻ ՄԷՋ` ԳԱՅԼԸ ՈՉԽԱՐԻՆ ՀՈՎԻՒ ԿԱՐԳԵԼՈՒ ՎՐԱՅ ԵՆ»:

(Նշուած աղբիւրը, էջ 38)

 

Կարեն Խանլարյան

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր