կարևոր
3496 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 10:54
Իրավական

Ինչ է քննարկել դատավոր Ալեքսանյանը Գագիկ Ջհանգիրյանի և Սասուն Խաչատրյանի հետ որոշումներ կայացնելուց առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանում «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հարց ուղղեց կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: «Տիկի՛ն Ալեքսանյան, դատական եւ իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Դուք տարբեր անձանց մասով կալանքի որոշում կայացնելուց առաջ քննարկել եք հարցերը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Արդա՞ր է, որ հիմա միայն Դուք եք մեղադրյալի աթոռին հայտնվել»:

Ի պատասխան՝ Արուսյակ Ալեքսանյանն ասաց. «Ովքեր Ձեզ նման բաներ են ասում, գնացե՛ք, իրենցից էլ հարցրե՛ք»: Այլ հարցի չպատասխանեց: Երեկ Հակակոռուպցիոն դատարանում կայացավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը, որը հետաձգվեց: Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, նախկին դատախազ Վահե Դոլմազյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւան քաղաքի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթով: ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում