կարևոր
2833 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-11 10:42
Քաղաքական

Փաշինյանի այցին ընդառաջ կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում. «Ժողովուրդ»

Փաշինյանի այցին ընդառաջ կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս՝ 2022-ի տարեմուտին ու 2023-ը մեկնարկելուն պես տարբեր նախարարություններ է այցելում, ինչի ժամանակ ոլորտի պատասխանատուներն ամփոփում են կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, Փաշինյանի այցին ընդառաջ, նախարարություններում անգամ օդն է կանգ առնում:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար պատկան մարմիները նախարարություններում ստուգումների համալիր գորոծողություններ են իրականացնում: Ամեն ինչ մանրակրկտորեն է իրականացվում, կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում՝ պայթուցիկ նյութեր որոնելու համար: Շներով, սակայն, չեն բավարարվում, ու գործի են դնում նաեւ մետաղաորսիչ հատուկ սարքեր: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Փաշինյանի՝ նախարարություններ այցերի օրերին կառավարական շենքերի հարակից շենք-շինությունների տանիքներին դիպուկահարներ էլ են նկատել:

Փաստորեն, Փաշինյանի՝ «իքս» նախարարություն այցը ոչ միայն տվյալ նախարարության, այլ այդ շենքում տեղակայված մի քանի նախարարությունների աշխատանքն է կաթվածահար անում, քանի որ ուժային կառույցները մի ամբողջ օրը լարված մթոնոլորտ են ստեղծում, ինչ-որ բաներ սկսում փնտրել, որսալ, խոչընդոտում գերատեսչությունների բնականոն աշխատանքը: Կառավարության թիվ մեկ շենքից, ենթադրենք, կառավարության երրորդ մասնաշենք հասնելու համար, որոնց հեռավորությունն ընդամենը մի քանի մետր է, Փաշինյանն ուժայիններին ոտքի է հանում, նախարարության աշխատակիցների համար լարվածության մթնոլորտ ստեղծում, ինչ է թե ցույց տա, որ ինքն անարգել ուր ասես, կարող է գնալ:

Անգամ շատ աշխատակիցների սենյակներում անծանոթ ուժայիններ են գնում, նստում, մինչեւ վարչապետի կարճատեւ հանդիպումն ավարտվի:

Հ.Գ. Երեկ զգուշավոր իրավիճակ էր տիրում նաեւ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ: Որոշում էր կայացվել լրագրողներին մեկ տեղում հավաքել եւ բոլորին միանգամից ուղեկցել ասուլիսի վայր, մինչ այդ էլ կառավարության անցակետում բոլոր լրագրողներից վերցրել էին անձը հաստատող փաստաթղթերը, որոնք վերադարձվեցին միայն ասուլիսի ավարտից եւ շենքից դուրս գալուց հետո: Սա արարք է, որն արգելված է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով. «Արգելվում է անձնագիրը վերցնելը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում