կարևոր
7000 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-31 14:10
Քաղաքական

Չունենք իրական բարեկամներ, մենակ ենք, չունենք ազգային ռազմավարություն. միայն իրար ենք ամբաստանում և մեղադրում. Արամ Ա

Չունենք իրական բարեկամներ, մենակ ենք, չունենք ազգային ռազմավարություն. միայն իրար ենք ամբաստանում և մեղադրում. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Ամանորի ուղերձ է հղել: Նա մասնավորապես նշել է.

«Տագնապալից պայմաններում ենք ողջունում Նոր տարին: Հուսահատությամբ ու անորոշությամբ լեցուն է հայ կյանքը, ահավոր վտանգներով շրջապատված են Հայաստանն ու Արցախը: Եկեք իրատես հայացքով դիտենք հայ կյանքը: Պատմությունը կրկնվում է, Հայաստանը դարձյալ կռվախնձոր է դարձել մեծ ուժերի կողմից: Թշնամին պաշարել է Արցախը: Թշնամին գտնվում է նաեւ ինքնիշխան Հայաստանի սահմաններից ներս՝ վտանգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նույն թշնամին սպառնում է նման կացություններ ստեղծել որեւէ ժամանակ անտեսելով միջազգային օրենքները ու մարդասիրական սկզբունքները: Ավելին, Հայաստանը մնում է միշտ ենթակա աշխարհաքաղաքական շահերի բախմանը, ինչպես նաեւ ռազմական միջոցներով քաղաքական շահեր հետապնդելու ճնշումների տակ:

Սիրելի ժողովուրդ հայոց, փաստորեն չունենք իրական բարեկամներ, մենակ ենք, չունենք ազգային ռազմավարություն, չունենք միացյալ ճակատ` ազգային տագնապները միասնաբար, հավաքաբար դիմագրավելու։ Միայն իրար ենք ամբաստանում և մեղադրում, հաղթական Արցախը կորցրել է իր ազատագրված հողերի մեծ մասը և գոյության համար է պայքարում: Հայաստանը եւս ենթակա է կորցնելու իր գերիշխանությունը, իր գոյությունն իսկ:

Սիրելի ժողովուրդ, այս կացության առջեւ ի՞նչ անել, ում վստահել: Պատասխանը հստակ է՝ մեր դարավոր պատմության հարուստ փորձառությամբ հաստատված, մեր բյուրավոր նահատակների արյունով թրծված, վստահել մեր սեփական ուժին: Այստեղ է մեր հզորության կռվանը, մեր փրկության միակ ճամփան: Այլընտրանք չունենք:

5-րդ դարում մեր պատմության ճակատագրական հանգրվաններից մեկում մեր պատմահայր Մովսես Խորենացին դարերից եկող եւ դարեր գնացող հիշեցում կատարեց ուղղված մեր ազգին, ինչպես նաեւ Հայաստանը շրջապատող կայսրություններին՝ հայտարարելով. «Թեեւ փոքր ազգ ենք, սակայն արիության գործերով լեցուն է մեր կյանքը»: Արդարեւ մեր ազգը արիության գործերով, այլ խոսքով խորը հավատքով եւ ազգի ու հայրենիքի համար արյուն թափելու ամուր վճռականությամբ հզորացած հայրենիք կերտեց ու պաշտպանեց՝ հակառակ պատմության պարտադրած բաժանումների, հալածանքների ու ցեղասպանության: Վկան մեր դարավոր պատմությունն է: Հետեւաբար, արթնանանք այլեւս ժողովուրդ հայոց, պատմական Հայաստանից մնացած մի կտոր հողը կարող է մեր ձեռքից գնալ: Ժամանակին նշանները ճիշտ պետք է կարդալ եւ ճիշտ կողմնորոշվել:

Ներկա ճակատագրական պայմաններում առավել քան երբեք հրամայական է համահայկական իդելաների եւ գերագույն արժեքների շուրջ մեր ազգի համախմբումը եւ նրա ազգային հանձնառության ամրացումը, քաղաքական հեռատեսությամբ եւ մարտունակ դիվանագիտությամբ թրծված: Այս պահը հետեւաբար, ազգային ուխտի վերանորոգման նվիրական պահ է: Լսենք մեր սրբերի աղոթքը ու մեր հայրերի պատգամը եւ հավատարիմ մեր անցյալի ու ներկային նահատակների սրբազան կտակին համախմբվենք Հայաստան, Արցախ եւ Սփյուռք: Համախմբվենք որպես մեկ ազգ ի խնդիր Արցախի փրկության եւ Հայաստանի անկախության պաշտպանության:

Այսօր մեր ազգի գործը պետք է լինի միասնականություն ամեն բանից առավել: Միասնություն հայոց բանակի վերակազմակերպումով:

Նոր Տարվա շեմին իր երակներում  հայի արյուն ունեցող հայը ուրիշ մաղթանք չի կարող կատարել: Թող Աստված անսասան պահի մեր ազգը եւ հզոր Հայաստանն ու Արցախը: Թող Աստված մեր ժողովրդի առջեւ բանա սիրո ու համերաշխության, արդարության ու խաղաղության ճամփան: Աժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն»: