կարևոր
2365 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 13:56
Քաղաքական

Դիարբեքիրի եկեղեցիներում սուրբծննդյան պատարագներին քրդեր էլ են մասնակցում

Դիարբեքիրի եկեղեցիներում սուրբծննդյան պատարագներին քրդեր էլ են մասնակցում

Դիարբեքիրում քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են մեծ խանդավառությամբ, քրդերեն հոգևոր երգերի ուղեկցությամբ։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են քրդական լրատվամիջոցները։

Դիարբեքիրցի ասորիները Սուրբ Ծնունդը տոնել են տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցում։ Ասորիների մետրոպոլիտը պատարագի ընթացքում աղոթել է Մերձավոր Արևելքում խաղաղության համար։

Քրդական Rûdaw հեռուստաալիքի հետ զրույցում ասորիների մետրոպոլիտ Սալիբա Օզմենը մասնավորապես նշել է․ «Լինի այստեղ, Իրաքում թե Սիրիայում՝ մաղթում ենք, որ պատերազմները դադարեն Թուրքիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում։ Թող այս տոնը խաղաղություն բերի»։

Ուշագրավ է, որ Դիարբեքիրում սուրբծննդյան պատարագին մասնակցել են ոչ միայն քրիստոնյաներ, այլ նաև՝ մուսուլման քրդեր։ Անշուշտ, այստեղ կան նաև քրիստոնեություն ընդունած քրդեր։ Քրիստոնեություն ընդունածները հավաքվում են բողոքական եկեղեցու շուրջ, քանի որ ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները չեն ընդունում հետագայում քրիստոնեություն ընդունածներին։

Դիարբեքիրի բողոքական եկեղեցու հոգևոր հովիվ Ահմեդ Գյուվեները հետագայում քրիստոնեություն ընդունած քուրդ է։ Rûdaw հեռուստաալիքի հետ զրույցում նա հայտնել է, որ վերջին շրջանում եկեղեցի քուրդ այցելուների թիվն աճել է։ Պատարագի մասնակից նման քրդերից մեկը՝ Մինասը, նշել է․ «Ես քուրդ եմ։ Թող աշխարհի բոլոր մարդիկ սիրեն միմյանց»։

Քանի որ այստեղի բողոքական համայնքի մեծ մասը բաղկացած է քրդերից, Դիարբեքիրի բողոքական եկեղեցում պատարագի մի մասը քրդերեն է մատուցվում։ Քրդերեն հոգևոր երգեր են ներկայացվում։ Եկեղեցու պատերին փակցված գրությունները ևս քրդերեն են։

https://www.rudaw.net/turkish/middleeast/turkey/261220227

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net