կարևոր
2287 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 10:31
Քաղաքական

Տարվա ամենատարօրինակ նշանակումը․ «Հրապարակ»

Տարվա ամենատարօրինակ նշանակումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Երեկ իրականացվեց այս տարվա, թերեւս, ամենաաբսուրդային նշանակումը՝ արդարադատության նախարար նշանակվեց արդարադատության նախկին փոխնախարար, ավելի վաղ անցյալում փաստաբան Գրիգոր Մինասյանը, որը հոկտեմբերի 5-ից փոխարինում էր նախկին նախարար, ներկայում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին։ 

Գրիգոր Մինասյանը, ինչպես հայտնի է, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի որդին։ Նրանք երկուսն էլ այս պահին տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Ավելին, Արա Մինասյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ 

Ընդամենը երեք օր առաջ Արա Մինասյանի դեմ նոր վարույթ հարուցվեց։ Քննչական կոմիտեն հաղորդեց, թե տվյալներ ունի, որ «Մինասյանը, տնօրինելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆինանսական միջոցները, գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալիզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի եւ ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով մոտ 416 մլն դրամը»:

Ավելի վաղ՝ դեռ 2018 թվականից, նա մեղադրվում էր իր ղեկավարած ԲԿ-ի կողմից սոցփաթեթի ծառայության մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ։ Պարզ է, որ սրանք քաղաքական բնույթի հետապնդումներ են՝ պայմանավորված Միքայել Մինասյանի գործունեությամբ եւ Սերժ Սարգսյանի հետ ունեցած խնամիական կապերով։ Անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանի դեմոկրատական էությունից բխող նշանակում է Գրիգոր Մինասյանի նշանակումը՝ նախարար է նշանակում իր ոխերիմ թշնամիներից մեկի եղբորը։ Իրականում, սա վրեժխնդրության տարօրինակ դրսեւորում է, քանի որ Գրիգոր Մինասյանն ընդգծված վատ հարաբերություններ է ունեցել եղբոր եւ հոր հետ, նրանց կոնֆլիկտի մասին անգամ հրապարակային է գրվել, եւ նրանք տարիներով չեն շփվում միմյանց հետ։ Եվ այս նշանակումը, իրականում, Մինասյանների «ինադու» է տեղի ունեցել, այլ ոչ թե ի նպաստ։

Նախկինների օրոք երկու եղբայրների հակամարտությունը նույնիսկ ծայրահեղ ձեւեր էր ստացել։ Օրինակ, Գրիգոր Մինասյանը, Միշիկին հակառակվելու միտումով, կարող էր, որպես փաստաբան, պաշտպանել Սերժ Սարգսյանին եւ նրա  նախարարին քննադատողներին։ Եղբոր հետ կոնֆլիկտը Գրիգոր Մինասյանի իմիջի հիմնական մասն է, նրա կերպարի միակ՝ հանրությանը ծանոթ դետալն ու «արժանիքը»։ Բայց անկախ նրանից, թե Գրիգոր Մինասյանն ինչ չափով է մտատանջվում իր հարազատների ճակատագրով, բազմաթիվ դրվագներով մեղադրյալների արյունակցի նշանակումն արդարադատության նախարարի պաշտոնում առնվազն տարօրինակ է նայվում։ Գրիգոր Մինասյանը նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ամենամտերիմ մարդն է, տեղակալն էր, ընկերն ու համախոհը։ Նրանք անգամ համատեղ տնօրինման տակ գտնվող գույք ունեն։

Նրանց հաճախ կարելի է տեսնել միասին զբոսնելիս կամ ճաշելիս։ Անդրեասյանն էլ չի ժխտել մտերմությունը Մինասյանի հետ։ Նա ճեպազրույցներից մեկի ժամանակ ասել է․ «Այո, Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք, իսկապես, նաեւ եղել ենք գործընկերներ: Ես կարող եմ վկայել, որ իմ եւ նրա քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»։ Ինչը նշանակում է, որ ԲԴԽ նախագահի եւ արդարադատության նախարարի մտերմությունը կարող է համակարգային խնդիրների տեղիք տալ, եւ թեկուզ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէր նրան նախարար նշանակելը։ 
Այսինքն՝ չի բացառվում, որ ԱՆ-ն ու ԲԴԽ-ն «պասերով» սկսեն աշխատել։ Նախարարությունը վարույթներ հարուցի, իսկ ԲԴԽ-ն քննի դրանք այնպես, ինչպես կցանկանար նախարարը, քանի որ Անդրեասյանն ու նա նույն հայացքներն ունեն։ 

Ի դեպ, ՔՊ-ում դժգոհ են Գրիգոր Մինասյանի նշանակումից․ այստեղ խուլ բողոքի ալիք էր բարձրացել՝ կապված մի քանի հանգամանքների հետ, եւ նաեւ դրանով էր բացատրվում, որ այսքան ուշացավ նշանակումը՝ մոտ 3 ամիս։ Թերեւս Նիկոլ Փաշինյանը չկարողացավ այլ թեկնածու գտնել նախարարի պաշտոնում եւ որոշեց, որ թիմն այս մի դեղահաբն էլ կուլ կտա։ Առհասարակ՝ ավելի ու ավելի է բարդանում կադրեր գտնելու խնդիրը՝ քչերն են ուզում աշխատել ձախողված իշխանությունների հետ, անգամ՝ նախարարի պաշտոնում։ Եվ դա փոխադարձ է․ ինքը՝ վարչապետն էլ ավելի ու ավելի քչերի հետ է պատրաստ աշխատել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։