կարևոր
2407 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 09:28
Քաղաքական

«Պատահականություն կամ զուգադիպություն չէ, որ ադրբեջանական թեզեր հենց այդ մարդիկ են առաջ մղում»․ «Փաստ»

«Պատահականություն կամ զուգադիպություն չէ, որ ադրբեջանական թեզեր հենց այդ մարդիկ են առաջ մղում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի սկզբանե պարզ էր, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի, այսպես կոչված, «բնապահպանների» պահանջները շինծու էին, իսկ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակումն իրականացվում է հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Երեկ էլ հայտարարություն տարածեց Արցախի Հանրապետության դատախազությունը՝ նշելով, որ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են, բարձրաձայնվող բնապահպանական խնդիրն ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց, Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ»:

Սակայն ուշագրավ է, որ Հայաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք հայտարարում են, թե ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները: «Փաստի» հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս շրջանակների հետ գրեթե միաժամանակ նույնատիպ հայտարարություն է տարածում Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով, Հայաստանում այդ թեզը տարածում են գործիչներ, որոնք մշտապես հանդիպում են Փաշինյանի հետ. «Նրանք մտնում են «արտախորհրդարանական կլուբի» մեջ:

Եվ, իմ կարծիքով, պատահականություն կամ զուգադիպություն չէ, որ ադրբեջանական թեզ հենց այդ մարդիկ են առաջ մղում: Ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի միտում, ըստ որի՝ Հայաստանում որոշ մարդիկ, այդ թվում՝ իշխանական շրջանակներում, Ադրբեջանի հետ հակառուսական տրամադրությունները բորբոքելու և ռուս խաղաղապահներին Արցախից հանելու միաուղղված խաղ են տանում»,-նշեց Տ. Քոչարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում