կարևոր
3514 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 15:56
Հասարակություն

Անիի ավերակներում կարելի է շրջել նաև էլեկտրական ֆայտոնով․ թուրքական լրատվական գործակալության անդրադարձը

Անիի ավերակներում կարելի է շրջել նաև էլեկտրական ֆայտոնով․ թուրքական լրատվական գործակալության անդրադարձը

«Անադոլու» լրատվական գործակալություն- Մեկ տարվա ընթացքում մոտ 15 հազար մարդ հնարավորություն է ունեցել էլեկտրական ֆայտոնով այցելել Կարսում գտնվող Անիի ավերակներ (Անիի ավերակները գտնվում են Կարս քաղաքի վարչական տարածքում)։

Ախուրյանգետի երկու խորը նեղ կիրճերի արանքում գտնվող Անիի ավերակները, որ պատմության ընթացքում եղել է բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան, հայտնի է նաև «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար եկեղեցիների քաղաք» և «40 դարպասների քաղաք» անուններով։

Մոտ 100 հա տարածքի վրա գտնվող Անիի ավերակներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Անցյալ տարվա դեկտեմբերից էլեկտրական ֆայտոնի ծառայությունն սկսեց մատուցվել այն զբոսաշրջիկներին, ովքեր ժամանակ չունենալու պատճառով չէին կարողանում շրջել «Քաղաքակրթությունների բնօրրանի» ամբողջ լայնարձակ տարածքով։ Մշակույթի և զբոսաշրջության մարզային վարչության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շուրջ 15 հազար մարդ օգտվել է տվյալ շրջանում երկու էլեկտրական ֆայտոն ունեցող այդ ընկերության կողմից մատուցվող վճարովի ծառայությունից։

ՃԱՆԱՊԱՐՀՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները դեպի Անի ոտքով 2 ժամ տեւող այցն ավարտում են կես ժամում՝ դեպի պատմություն էլեկտրական ֆայտոնով նոստալգիկ ճանապարհորդությամբ։ Հաղորդվում է, որ 11 ամսում Անիի ավերակներ է այցելել մոտ 150 հազար զբոսաշրջիկ։ Ֆաթիհ Բեյթորունը՝ ֆայտոնների սպասարկումն իրականացնող ընկերության ներկայացուցիչը, «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք էլեկտրական ֆայտոնները շահագործման են հանձնել անցյալ տարի, և պահանջարկն ավելի շատ է եղել, քան սպասում էին։ Բեյթորունը հայտնելով, որ Անիում ինտենսիվ են եղել էլեկտրական ֆայտոնի ծառայությունները, հավելել է. «Պահանջարկը չափազանց մեծ է, եկող զբոսաշրջիկները շատ գոհ են։ Առաջիկայում  կմեկնարկեն «Զբոսաշրջային արևելյան էքսպրեսի» շրջագայությունները։ Դրանից հետո այստեղ էլ ավելի զբաղված կլինի։ Հատկապես էլեկտրական ֆայտոնի համար եկողներ էլ կան, քանի որ ասում են՝ «Ես շատ եմ եղել Անիում, բայց այս անգամ գալիս եմ միայն էլեկտրական ֆայտոն նստելու և նոստալգիկ ճամփորդություն կատարելու համար»։ Մեկ տարվա ընթացքում մոտ 15 հազար զբոսաշրջիկի ենք սպասարկել»։

«ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ԱՅՍՔԱՆ ՄԵԾ ԿԼԻՆԻ»

Բուրսայից ժամանած Սեդա Ալբայրաքը հայտնեց, որ առաջին անգամ է եկել Անիի ավերակներ և ասաց. «Չէի սպասում, որ այսքան մեծ կլինի, բայց ֆայտոնների շնորհիվ շատ կարճ ժամանակում շրջեցինք։ Հնարավորություն ունեցանք տեսնել այս վայրը՝ կատարելով հաճելի ճամփորդություն»։ Արդահանից եկած Բուշրա Արասն էլ նշեց, որ նախկինում եղել է Անիի ավերակներում, սակայն չի կարողացել ամեն տեղ այցելելու հնարավորություն ունենալ, քանի որ բավականաչափ ժամանակ չի ունեցել։

Հայտնելով, որ Անի է վերադարձել էլեկտրական ֆայտոնով շրջելու համար, Արասը նշեց. «Ֆայտոնի շնորհիվ նորից ճանապարհորդեցի։ Այս անգամ տեսա այնպիսի վայրեր, որ նախկինում չէի տեսել: Հրաշալի օր անցկացրեցի: Չափազանց հաճելի է նոստալգիկ ճանապարհորդություն կատարել այսպիսի պատմական տարածքում: Նկատեցի, որ մարդիկ նույնպես հետաքրքրված են դրանով»:

https://www.sozcu.com.tr/hayatim/seyahat/ani-oren-yerinde-elektrikli-fayton-keyfi/

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net