կարևոր
6370 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-13 14:17
Հասարակություն

Արցախն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ կարծես մոր արգանդում երեխայի պորտալարը կտրած լինեն. Արմեն Պետրոսյան

Արցախն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ կարծես մոր արգանդում երեխայի պորտալարը կտրած լինեն. Արմեն Պետրոսյան

Արդեն 24 ժամից ավելի է, ինչ ադրբեջանցիները, դիմելով սադրանքի, փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ շրջափակման մեջ պահելով Արցախի 120.000 մեր հայրենակիցներին:

Արցախի Ազգային Ժողովը արտահերթ նիստ է գումարել և հանդես եկել կոչով, որտեղ հորդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։

Երեկ 80-ից ավել արցախցի, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են ճանապարհին՝ ադրբեջանական սադրանքի պատճառով։ Անհնարին է դարձել Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող մի քանի քաղաքացու տեղափոխումը Հայաստան։

Արցախում ժողովրդի մեջ հուսահատություն, անհանգստություն կա։ Արցախում հումանիտար աղետ է։ Նման կարծիք Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Հանուն Արցախի» շարժման համակարգող, ազատամարտիկ Արմեն Պետրոսյանը․ «Հիմա Ղարաբաղը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ կարծես մոր արգանդում երեխայի պորտալարը կտրած լինեն։ Արցախը գտնվում է շրջափակմնա մեջ, ժողովրդի մեջ վրդովմունք, անհագստություն կա։ Հայաստանում բողոքում են էկոլոգիական աղետից, մեր մոտ հումանիտար աղետ է և չի բացառվում, որ ոչ միայն ճանապարհները կփակվեն, այլ նաև ենթակառուցվածքային նշանակության այլ միջոցների էլ կկպնի հակառակորդները»։

Արցախում բոլորը իրենց ուժերը կենտրոնացրել են այդ ուղղությամբ, փորձում են ինչ-որ կերպ լուծել հարցը, իհարկե հիմանական հույսը կապելով ռուս խաղաղապահների հետ։ Ժողովուրդը նման իրավիճակում փորձում է համախմբվել ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության շուրջ. նշել է նա:

«Արցախում պետք է ստեղծվի համախմբվածության մթնոլորտ, որպեսզի կարողանանք միասին պայքարել այդ երևույթի դեմ։ Փաստացի Արցախը հիմա գտնվում է շրջափակման մեջ։ Եթե կա ռազմական շրջափակում, կա նաև տնտեսական շրջափակում, այսինքն ճանապարհ փակողները արտաքին տվյալներով քաղաքացիական են ներկայանում, բայց դա իրենից ենթադրում է նաև ռազմական որոշ բաներ։ Շրջափակումը իրականացնում են մարդիկ, որոնք նախկինում եղել են զինվորականաններ, և չի բացառվում, որ ռազմականացված այդ ուժային կառույցներն են օգտագործվում, որպեսզի նման բաներ անեն»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է դիմի միջազգային կառույցներին, և հիմանականում Ռուսաստանին, քանի որ հենց իրենք են ստանձնել խաղաղապահի դերը Արցախում․« Հիմա ամեն ինչ ուղղված է այդ առաքելությանը, փորձում են ճնշել ռուս զինվորականներին, որպեսզին նրանք չկարողանան կատարել իրենց պարտականությունները։ Ներկայիս Հայաստանի իշխանության կեցվածքն էլ է հակառուսական, եթե լիներ ուրիշ իշխանություն, ապա այս հարցը ավելի շուտ կլուծեր։ Տեղի իշխանությունները գիշեր-ցերեկ աշխատում են, որպեսզի մեզ հանեն այս իրավիճակից։ Հաշվի առնելով այդ ռուս-ուկրաինական բախումները, ամեն կերպ Արևմուտքը փորձում է ազդել Ռուսաստանի հեղինակության վրա, Ռուսաստանի միջազգային դերի վրա, դրանով հովանավորում է Ադրբեջանին, որպեսզի իր սադրիչ գործողություններով թուլացնեն Ռուսաստանի հեղինակությունը, և մեր ժողովրդի մեջ ստեղծեն հակառուսական տրամադրություն։ Եվ այսօր հակառուսական տրամադրություն ստեղծելու հիմնական գործիքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների ձեռքում, դրա համար մեր ժողովուրդը անգիտակցաբար կարող է այդ ամենի մեջ մեղադրել նաև Ռուսաստանի Դաշնությանը»,- ասաց նա։