կարևոր
3487 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 16:38
Քաղաքական

Գալիս եք գյուղից մեկին բռնացնում եք․ Գեղարքունիքի մարզպետը ստախոս է անվանում Սոթքի բնակիչներին

MediaHub․am-ը գրում է․

«Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ադրբեջանական լրատվամիջոցներից զատ, պարզվում է, MediaHub-ի հավատարիմ ընթերցողն է, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է իր վերադասի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ 2 անգամ պատերազմ տեսած սահմանամերձ Սոթքին։

Սա, իհարկե, ողջունելի կլիներ, եթե մարզպետը նյութերը կարդալիս, ոչ թե նեղանար՝ «պահանջելով» հաշվետու լինել իրեն, այլ քայլեր ձեռնարկեր սեպտեմբերի 12-13-ի պատերազմից տուժած Սոթքի բնակիչների խնդիրները լուծելու համար։ Բանն այն է, որ օրեր առաջ MediaHub-ը հրապարակում էր արել առ այն, որ այս տարվա սեպտեմբերյան մարտերից հետո ամենամեծ վնասը կրած Գեղարքունիքի Սոթք բնակավայրում Հայաստանի կառավարությունը մինչ օրս գյուղատնտեսական նշանակության բերքի վնասի գույքագրում չի իրականացրել։ Նույն հոդվածում նշել էինք, որ Սոթքի մի քանի խոշոր ֆերմերներ, բերքատվության կորստի հետեւանքով, կանգնել են ավելի լուրջ՝ գույքը եւ տունը կորցնելու վտանգի առաջ։

Պատերազմից հետո առաջացած գյուղատնտեսական մշակաբույսերի, մասնավորապես, կարտոֆիլի բերքատվության կորստի գույքագրում կառավարությունը չի իրականացրել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասել էր պատերազմից տուժած խոշոր դերմերներից մեկը՝ Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ կանգնած է տունը կորցնելու վտանգի առջեւ։ Վարկի վճարման օրն անցել է, պարտքը գնացել Հարկադիր կատարման ծառայություն։

«Պատերազմից հետո կարտոֆիլի արտերը «վարի» գնաց։ Դիմել ենք կառավարություն, օգնություն չի հատկացնում։ Բանկերն էլ մասնավոր ընկերություններ են, չենք կարող մեղադրել։ Այստեղ պետությունը անելիք ունի։ Մի քանի ֆերմերների, այդ թվում՝ իմ բերքը ամբողջության փչցել է»,-MediaHub-ի հետ զրույցում ասել էր Ավետյանը՝ նշելով, որ երկու տարբեր բանկերից ընդհանուր առմամբ գրավադրմամբ վերցրել է մոտ 600․000 ԱՄՆ դոլար։

Այսօր պարզեցինք, որ Գեղարքունիքի մարզպետին զայրացնում է այն փաստը, որ մենք բարձրաձայնում ենք սահմանամերձ բնակավայրերի բնակիչների բողոքները։ Ըստ երեւույթին, նրա տրամաբանությամբ, գյուղի բնակիչը «մարդ» չէ, կամ, թերեւս, ձայնազուրկ է, սուտ է խոսում, սխալ է խոսում։ Այսօր մեզ մեղադրում էր՝ «գյուղից մեկին բռնելու ու հարցազույց անելու մեջ»՝ նկատի ունենալով Սոթքի բնակիչներին։

«Մարտական գործողությունների հետեւանքով գյուղացին ի՞նչ վնաս է կրել՝ արկ է ընկե՞լ իր հողամասում, թե՞ չի կարողացել բերքը հավաքել։ Սուտ է, երբ ասում են՝ չի կարողացել բերքը մշակի։ Այ այդտեղ ստախոսությամբ են զբաղվում այն մարդիկ, ովքեր նման բան են ասում։ Գյուղերում ինչ-որ մեկին բռնում խոսացնում ու իբր իրականություն եք ներկայացնում»,-ասաց նա։
Գեղարքունիքի մարզպետը փաստացի ստախոս է անվանում Սոթքի բնակիչներին։ Եվ մենք դա հենց հիմա փաստերով ցույց կտանք:

Վարդան Հայրապետյանը եւս պատերազմի հետեւանքով տուժած խոշոր ֆերմերներից է։ Մարզպետին հակադարձում է՝ իր դաշտում 5-6 արկ է ընկել, աշխատողը վախեցել է կարտոֆիլի դաշտ մտնել։

«Ինչի՞ ենք սուտ ասում։ Իմ երեխեքին գյուղից չհանեի, ինչ է, գնայի կարտոշկա ջրեի՞։ Խի մարզպետի ասելով ա՞, փաստ կա, չէ՞ »,-ասաց նա։ Սոթքի բնակիչը պնդում է՝ բերքի գույքագրում չի իրականացվել։

«Իբրեւ թե տների համար շատ են գալիս գույքագրում անում, ուր մնաց՝ բերքի համար գան»,-վրդովված նշեց Հայրապետյանը։

Սոթքի մեկ այլ բնակիչ՝ Գագիկ Ագանեսյանը նշում է, որ գյուղի հրետակոծության ժամանակ մի կերպ են փախել, իսկ այդ օրերին արտը նվազագույնը պիտի 2 անգամ ոռոգվեր։

«40-50 տոկոս բերքը չմեծացավ, ինչն էլ, որ աճել էր, որդերը կերան։ Իմ գյուղատնտեսական նշականության հողատարածք մարզպետը չի եկել, հետեւաբար չի կարող պնդել, որ ֆերմերը սուտ է խոսում։ Պատերազմի ժամանակ մի կերպ ենք փախել գյուղից, ո՞վ պիտի իր կյանքը վտանգեր»,-ասաց նա։

Հակոբ Ավետյանը, որին Գեղարքունիքի մարզպետը ստախոս անվանեց, պնդում է՝ Կարեն Սարգսյանը, իմանալով խնդրի մասին, չի այցելել, վնասի չափը չի տեսել։

«Փաստերով կարող ենք ապացուցել։ Կառավարությունը պարտավոր է ուշադրություն դարձնել պատերազմից տուժած բնակիչներին։ Էլեկտրական հոսանքները մինչեւ հիմա վերականգնված չեն։ Սա նշանակում է, որ չենք կարողաացել ոռոգել մեր այգիները։ Պատերազմից հետո մոտ 15 օր Սոթք չենք վերադարձել։ Այս ընթացքում 2 անգամ կարտոֆիլը պիտի ջրվեր, չի ջրվել, որի պատճառով ամբողջությամբ բերքը չորացել է»,-ասաց Ավետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում»։