կարևոր
3094 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 18:30
Քաղաքական

Իշխանությունը քաղաքացիներին զրկում է նպաստից և ասում է գնա գլխիդ ճարը տե՛ս, քանի որ աղքատությունը քո գլխում է․ Թադևոս Ավետիսյան

Սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ նրանց ընտանիքներին զրկել են սոցիալական նպաստից։ Պետական մարմինները պատճառաբանում են․ կենսաթոշակը բարձրացել է, որի հետևանքով էլ կենսաթոշակառուի ընտանիքը զրկվել է նպաստից։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Իրականում այս տարվա հունվարից կենսաթոշակների նվազագույն ամսական չափը բարձրացել է ընդամենը 2000 դրամով, սեպտեմբերից՝ 1900 դրամով, իսկ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 3000 դրամով։ 2020թ․ հունվարի 1-ից հետո ընտանեկան նպաստի միջին ամսական չափը չի փոխվել և կազմում է շուրջ 31500 դրամ։ Փաստորեն, շուրջ 3000 աղքատ ընտանիքներ, որտեղ ապրում են նաև կենսաթոշակառուներ, զրկվել են անապահովության նպաստից (ամսական միջինը շուրջ 31500 դրամից) այն պատճառով, որ կենսաթոշակառուի թոշակն ավելացել է 3000-ից 4000 դրամով»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն այս տարվա 3-րդ եռամսյակում կազմել է 76500 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6000 դրամով։ Այսինքն՝ նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական ծախսերն են ավելացել 1,5-ից 2 անգամ ավելի մեծ չափերով, քան կենսաթոշակների աճն է եղել։ Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը շուրջ 2,5 անգամ գերազանցում է նվազագույն կենսաթոշակի ամսական չափը։

«Ասում են նախկինում էլ է նման խնդիր առաջացել։ Այո՛ առաջացել է, բայց նաև լուծվել է՝ կենսաթոշակների բարձրացման ազդեցությունը անապահովության գնահատման վրա չեզոքացնելու միջոցով։ Հատկանշական են նաև հակասոցիալական այս քաղաքականության հետևանքներն արտացոլող ամփոփ հետևյալ ցուցանիշները․

2021թ․-ին՝ 2018թ․-ի համեմատ շուրջ 50 տոկոսով ավելացել է ծայրահեղ աղքատ բնակչությունը։ Աղքատության մակարդակը 23,5 տոկոսից աճել և հասել է 26,5 տոկոս, ինչը փորձում են քողարկել գնահատման մեթոդաբանական փոփոխություններով։ Վերանայված մեթոդաբանությամբ էլ, միևնույն է աղքատության մակարդակի աճ կա։

Աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունն աճում են, սակայն անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը կտրուկ՝ շուրջ 26 տոկոսով նվազել է։ 2018թ.-ին նպաստառու ընտանիքների թիվը 92600 էր, իսկ 2022թ. նոյեմբերին' 73500»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Նրա խոսքով՝ սոցիալապես անապահով քաղաքացիներին այս իշխանությունը զրկում է նպաստից և ասում է․

«Գնա գլխիդ ճարը տե՛ս կամ էլ համակերպվի, քանի որ աղքատությունը քո գլխում է։ Մենք մեղավոր չենք։»։ Այս իշխանությունը ձախողել է հանրային կյանքի բոլոր ոլորտները' արտաքին քաղաքականությունից, անվտանգությունից մինչև սոցիալական քաղաքականություն»,- ասաց ընդդիմադիր գործիչը։