կարևոր
3745 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 17:19
Քաղաքական

Ադրբեջանը զենք է գնում ու պատրաստվում մեր դեմ հարձակման, իսկ Հայաստանի իշխանությունը գումարներ է ծախսում հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու համար․ Թևանյան

Ադրբեջանը զենք է գնում ու պատրաստվում մեր դեմ հարձակման, իսկ Հայաստանի իշխանությունը գումարներ է ծախսում հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու համար․ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Շատ խորհրդանշական և կոնտրաստային երևույթների ենք ականատես լինում։

Գրեթե միաժամանակ Ադրբեջանում ու Հայաստանում տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ։ Ադրբեջանում զորավարժություններ են՝ ուղղված Հայաստանի ու մեր բարեկամ Իրանի դեմ, իսկ Հայաստանի մայրաքաղաքում՝ Մանկական եվրատեսիլ է ու տոնական հրավառություն։

Ես կողմ եմ մանուկների ուրախությանը։ Լավ է, որ հենց Հայաստանում է անցկացվում Մանկական եվրատեսիլը: Սակայն ամեն ինչին ճաշակ, չափ ու ձև կա։

Մեր ժողովուրդը պետք է իրականությունը ճիշտ հասկանա, որպեսզի մայրերն իրենց երեխաների դիակների հերթական խմբաքանակը չստանան: Կամ էլ՝ չսպասեն անթաղ դիակները ստանալուն։

Ադրբեջանցիները մի քանի ժամով փակել էին Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Երևանի քաղաքային իշխանությունն էլ ի՛ր հերթին էր մի քանի ժամով փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, որպեսզի տոնական լույսեր կախի ու կառավարության շենքի պատերը բարբարոսաբար ծակելով՝ պատրաստվի Նոր տարվան։

Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը համալրում է իր պահակախումբը, որին հանդիպելիս մարդիկ երբեմն կյանքը կամ առողջությունն են կորցնում։

Ադրբեջանը զենք է գնում ու պատրաստվում մեր դեմ հարձակման: Հայաստանի իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու, տոնածառ զարդարելու, ժողովրդին կառնավալային իրականության մեջ մտցնելու համար։

Որքան շատ են իրենք սիրում բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով, այնքան ավելի ծանր վիճակում են հայտնվում բոլորը, բացի իրենցից, իհարկե։

Որքան շատ են խոսում իշխանությունները թալանից, այնքան ավելի շատ են թալանվում հպարտ քաղաքացիները․ գների աճի արդյունքում կյանքն արժեզրկվել է, ապրուստը՝ թանկացել։ Բա ո՞ւր մնացին օլիգարխների դեմ պայքարները: Բա ինչու՞ գները չեն իջնում։ Չէ՞ որ նախկինում ասում էին, թե գնաճի պատճառը մենաշնորհն է և հիմա, իբր, մենաշնորհները վերացել են։ Մի՞թե պարզ չէ, որ վարչապետի աթոռին հայտնվածը խաբել է այն 3 մլն վարչապետ հռչակվածներին, որ բանանի ու մյուս բաների գները կիջնեն, որ զիմզիմովները այլևս չեն կարողանա արագաչափերի միջոցով կեղեքել մեր վարորդներին: Պարզվում է՝ այսօրվա Զիմզիմովն ավելի է չաղացել և լկտիացել, իսկ վարորդներին ու մյուսներին թալանելու չափերը կտրուկ ավելացել են։

Եվ այս ամենը կոչվում է թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն, որի պայմաններում շարքային քաղաքացիներին վերապահված են զոհվելն ու կյանքի զրկանքները կրելը, իսկ իրենց՝ իշխանության վայելքները, արագ հարստանալը, աշխարհով մեկ պտտվելը։

Մի՞թե սրա համար էին մարդիկ դուրս եկել փողոց 2018-ին։ Հարցս հռետորական է»։