կարևոր
12193 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-29 22:49
Տնտեսական

Կառավարությունը Հայաստանի խոշոր տոտալիզատորին տվել է բանկ ունենալու իրավունք, բայց խոսում է խաղամոլության դեմ պայքարից. տնտեսագետ

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ի Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե իրենց իշխանությանը հաջողվել է 4 տարվա համառ պայքարից հետո կարգավորել խաղային ոլորտը։

Իշխանությունների արձանագրած հաջողության մասին Փաշինյանն ասաց օնլայն կազինոների համար նախատեսված պետական տուրքի ավելացման վերաբերյալ նախագծի քննարկան ժամանակ, որով օնլայն կազինոների 600 միլիոն դրամ տուրքին այսուհետև կավելանա ևս 170 միլիոն դրամ՝ ամեն 100 միլիարդ խաղադրույքի դիմաց։

Իրականում արձանագրված վիճակագրությունը այլ բան է փաստում. ստացվում է, թեև Փաշինյանը հայտարարում է, թե պայքարում են խաղամոլության դեմ, բայց վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում խաղամոլությունը ծաղկում է 2018 թվականից հետո։

Ըստ հրապարակված վերջին թվերի՝ 2018-ի հեղափոխությունից հետո՝ 4 տարում կատարված խաղադրույքներն ավելացել են 28 անգամ՝ 138,5 միլիարդից հասնելով 3,9 տրիլիոնի։ Միայն այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ Հայաստանում 10 միլիարդ դոլարից ավելի խաղադրույք է կատարվել, որն ավելին է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 300 միլիարդով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ խաղամոլությունը Հայաստանում հասցված է ազգային անվտանգության խնդրի մակարդակի. խաղում են բոլորը՝ չափահասները, անչափահասները. խիստ վտանգավոր է, որ այս չարիքը հասել է նաև բանակ։

«Մեծ թվով խաղամոլներ կան նաև բանակում։ Պետությունը պետք է հասկանա, որ միայն խաղային բիզնեսի գովազդն արգելելով որևէ բան հնարավոր չի լինելու անել։ Մյուս կողմից՝ իշխանության հետ խաղային բիզնեսի սեփականատերերի կապերը այդ չարիքի դեմ պայքարը թուլացնում են. չէ՞ որ հենց այդ կապերը տեսնելով է սովորական չինովնիկն իրեն հարց տալիս՝ ինչո՞ւ ես վատամարդ դառնամ՝ արգելեմ, եթե վերևում իրենք իրար հետ մտերիմ են։ Կառավարությունը պետք է գնա արգելքների ճանապարհով. օրինակ՝ առաջինը պետք է սկսի արգելքները զինվորականության շրջանում՝ արգելելով խաղամոլությունը նույնիսկ նրանց հարազատների շրջանում»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետը նշեց՝ հակառակ պարագայում, երբ չկան կոշտ արգելքներ, ստացվում է, որ Կառավարությունը մի կողմից՝ արգելում է խաղամոլության վերաբերյալ գովազդը, մյուս կողմից՝ ուղղակիորեն նպաստում է տոտալիզատորների գործունեությանը։

«Կոնկրետ վերջին բանկը, որը Հայաստանում գործունեության լիցենզիա ստացավ, կապված է հայաստանյան խոշոր տոտալիզատորներից մեկի հետ. խոսքը վերաբերում է Fast բանկին։ Կենտրոնական բանկն ու Կառավարությունն անուղղակիորեն և ուղղակիորեն նպաստում են տոտալիզատորների գործունեությանը՝ տալով տոտալիզատորին Հայաստանում բանկ ունենալու հնարավորությունը։ Ես չեմ հասկանում՝ այդ ի՞նչ տրամաբանությունից են ելել, որ Հայաստանի խոշոր տոտալիզատորին տվել են բանկային գործունեության հնարավորություն։ Ի դեպ՝ մեկ այլ տոտալիզատորի սեփականատեր էլ Հայաստանում ձեռք է բերել բանկերից մեկի բաժնետոմսերի 75 տոկոսը. խոսքն այս դեպքում ռուսական տոտալիզատորի մասին է. ստացվում է՝ Հայաստանում կա երկու բանկ, որոնց սեփականատերերը տոտալիզատորների սեփականատերեր են»,- ասաց Պարսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում